ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր հայտնել է, որ թշնամին Ջերմուկի մատույցներ հասել է ոչ թե ամբողջ ճակատով, այլ միայն մեկ խմբով, որը կտրված է հիմնական ստորաբաժանումից։
ԳՇ պետը, մասնավորապես, ասել է.
Ադրբեջանը Հայաստանի տարածք է մխրճվել մինչեւ 7,5 կմ խորությամբ։
«Խումբը շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից։ Մարտավարական իրադրությունը կայուն է եւ մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը կհեռանա։ Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, այժմ էլ չկա, նրանք չեն կարողանում ջուր եւ սնունդ բերել, եւ կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների վրա»։
Նշենք, որ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզպետերը հայտարարել են, որ իրենց ղեկավարած մարզերի տարածքներից թշնամին չի գրավել, առաջ չի եկել, իսկ ԳՇ պետի հաղորդումից պարզ է դառնում, որ թշնամին 8 կմ երկայնքով 7,5 կմ խորությամբ մխրճվել է հայկական տարածք։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ադրբեջանցիները ևս 10 կմ առաջ են եկել Հայաստանի սուվերեն տարածքից ներս՝ չհաշված այն 45 քկմ տարածքը, որ օկուպացրել են դեռ մեկուկես տարի առաջ։