Պ. Ղ. Ղարաբաղյան այս պատերազմում, որքան ես կարող եմ հասկանալ ու գնահատել որպես զինվոր, անդադար արվում է անհնարինը, և այդ անհնարինն արվում է անընդհատ: Անհնարինը բոլոր առումներով ու կանոններով, որովհետև այս կռիվը ոչ մի կանոնով չի պայմանավորված: Դիրքերն անդադար պահում են նույն մարդիկ և պահում են գերմարդկային ուժերի գնով: Հոգնած ու գիշերը չքնած մարդը քայլում է 40 կիլոմետր, կատարում է մարտական գործողությունը և, փոխարինող չունենալով, նորից հոգնած ու անքուն նստում է` իր գրաված դիրքը պահելու: Ես չեմ կասկածում, որ այս կռվի վրա նաև քաղաքական գործոններ են ազդում, բայց այն, որ այս կռվի սահմանները պետք է քաղաքական գործոններն ու շարժառիթները գծագրեն ու որոշեն, երբեք չեմ կարող ընդունել ու չեմ ընդունի: Եթե նույնիսկ համոզված լինեմ, որ մեր կռվի արդյունքները քաղաքական ոլորտներում պետք է շահագործվեն կամ չարաշահվեն, մեկ է, ինձ համար այլընտրանք չկա. պետք է կռվենք:
Գ. Բ. Ծայրահեղ հոգնածության ժամանակ պահ է գալիս, ինձ հետ գոնե եղել է, երբ սկսում ես մտածել` արդյոք անիմաստ չէ՞ այս ամենը:
Պ. Ղ. Երբ խոսում են այն մասին, որ անիմաստ են մեր զոհերն ու չարչարանքը, որովհետև այս երկրի սահմանները գծագրվում են ամերիկաներում, մոսկվաներում կամ չգիտես ինչ եվրապառլամենտում, խոսում են` մոռանալով, որ եթե այս սահմանը պահող չլիներ, թուրքը կգար ու վերջնականապես կբռնաբարեր այս հողը, և ամեն մի սահմանի մասին ամեն մի խոսակցություն իսկապես կդառնար անիմաստ:
Միևնույն ժամանակ՝ կազմակերպված ուժերը կարող են փոխել ցանկացած քաղաքականության ընթացք, անկախ նրանից, թե այդ քաղաքականությունն ինչ ուժեր են որոշում. այդ ուժերը, լինեն ամերիկյան, ռուսական թե թուրքական, կազմակերպված ուժեր են, որոնց կարելի է հակադրել մեկ այլ կազմակերպված ուժ:
Գ. Բ. Քո կարծիքով, որտե՞ղ է վճռվում Ղարաբաղի բախտը`
Մոսկվայո՞ւմ, Անկարայո՞ւմ, Վաշինգտոնում, Բաքվում, Երևանում, մեր այս դիրքերում…
Պ. Ղ. Չգիտեմ՝ որտեղ է վճռվում, բայց գիտեմ, որ հայերը կարող են իրենց բախտը վճռել: Կարող են իրենց զենքի և իրենց պետության միջոցով որոշել իրենց սահմանները, իրենց քաղաքականությունը, իրենց անելիքը:
Գ. Բ. Ո՞ր հայերը: Վերջին ժամանակներում, որքան էլ դա տարօրինակ է, հայի երկու տեսակ տարբերակվեց` ղարաբաղցի ու հայաստանցի: Ո՞ր տեսակն է վճռելու Ղարաբաղի բախտը:
Պ. Ղ. Երկուսը միասին: Մեկը մյուսից անկախ ոչինչ չեն կարող որոշել:
Գ. Բ. Վերջին ամսին մեր դիրքում 8 զոհ ենք տվել: Թշնամու զոհե՞րը քանիսն են:
Պ. Ղ. Շատ: Շատ, բայց դա ինձ բոլորովին չի մխիթարում: Խնդիրը մեր ունեցածը պահպանելն է, ոչ թե թուրքի կորուստ հաշվելը: Հարյուրներով նրանց սատկելը հետ չի բերի մեր այն տղերքին, որ այս դիրքում զոհվեցին:
Գ. Բ. Այնուամենայնիվ, ինչպե՞ս ես բացատրում այդ անհամամասնությունը:
Պ. Ղ. Ինձ համար, նորից ասեմ, մխիթարություն չէ, որ նրանք ավելի վատ են կազմակերպված, ավելի ապուշ են, քան թե մենք: Վաղը կարող են և կազմակերպվել, քանի որ նրանց սխալների վրա իրենց պետությունն է աշխատում: Եթե բանակի դիմաց բանակ չլինի, հնարավոր չէ այս հողը պահել: Շատ երկար ժամանակ ղարաբաղցիները պահում են իրենց հողը: Բայց միայն իրենց ուժերով հավերժորեն չեն կարող:
Գ. Բ. Վե՞րջը:
Պ. Ղ. Եթե ամեն ինչ թողնենք զարգանա այս ընթացքով, վերջը կարող է շատ տխուր լինել: Ուղղակի նրանք, ովքեր ուզում են իրենց հողը պաշտպանել, վերջանալու են, և մեզ համար լավագույն ելքի մասին երկար ժամանակ ստիպված ենք լինելու լռել, որովհետև հաջորդ սերունդը, որ գալիս է, ուղղակի չի հասցնում մտնել այս մթնոլորտի մեջ:
Կռվողները կվերջանան, և կռիվն էլ այդպես կվերջանա: Նաև շատ վատ կլինի, եթե ղարաբաղյան կռիվը տարբեր քաղաքական ուժերի ձեռքին շարունակի մնալ խաղաթուղթ:
Գ. Բ. Կարո՞ղ է Ղարաբաղը միայնակ դիմադրել Ադրբեջանին առանց Հայաստանի Հանրապետության օգնության:
Պ. Ղ. Կարող է: Բայց կարճ ժամանակ: Ղարաբաղն ինչպե՞ս պետք է փամփուշտ կամ այս պատերազմական պայմաններում հաց արտադրի:
Գ. Բ. Իսկ զինամթերքից ու սննդից բացի:
Պ. Ղ. Մարդուժի խիստ պակաս կա: Սկզբից էլ ասացի այդ մասին:
Ղարաբաղցիներն անում են անհնարինը, իսկ անհնարինը, որ դարձրել են հնարավոր և անում են, երկար շարունակվել չի կարող: Բայց պետք է ոչ թե անհնարինը շարունակել, այլ գտնել հնարավոր լուծումներ: Իսկ դրանք կան. ես տեսնում եմ: Եվ գիտեմ, որ շատերն են տեսնում: Եվ այդ հնարավորը, որի մասին ասում եմ, թե տեսնում եմ, մի վերացական բան չէ: Մեր հաղթանակն է, որը գոնե ինձ համար շատ իրական է: Եվ պարտադիր:
«Երկիր», 20 փետրվարի 1993 թ.