Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել բանասիրական գիտությունների դոկտոր, հեռուստալրագրող, դասախոս Սերգո Երիցյանի հոգեհանգիստը։
Իր նախաձեռնողականությամբ, հանրային գործչի, կազմակերպչի ձիրքերով Սերգո Երիցյանն ամենուր էր։ Չկա բանասիրության մի ոլորտ, որտեղ նա ուսումնասիրություն կատարած չլինի։ Ամեն տեղ հայի հետք էր փնտրում։ Աշխարհի որ երկրում էլ լիներ, գտնում էր ազնվական, հեղինակավոր հայերի սերունդների ու անպայման իր «գտածոն» հանրայնացնում, որպեսզի բոլորս հպարտանանք մեր տեսակով։
Սերգո Երիցյանի համար հայկական ժուռնալիստիկան՝ իր պատմությամբ, ավանդույթներով, անգնահատելի արժեհամակարգ էր, որով նա կրթում էր նաև իր ուսանողներին։
Սերգո Երիցյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ խմբագրից մինչև հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ 1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 2008 թվականի մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից։ 2010 թվականից ղեկավարում է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։ 2017 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Մահացել է ԱՄՆ-ում 2023 թվականի հունիսի 23-ին երկարատև ու ծանր հիվանդությունից։
Մանրամասները՝ տեսանյութում.