2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում շրջանառության հարկի դրույքաչափը փոփոխվելու է։
Ներկայում գործող 5 տոկոսի փոխարեն, սահմանվել է 10 տոկոս, այսինքն՝ ավելացել է 100 տոկոսով։
ԱԺ-ի այն քաղաքական խումբը, որն այս օրենքն ընդունել է, կարո՞ղ է մեզ բացատրել, թե ինչն է շրջանառության հարկի 100 տոկոսով բարձրանալու պատճառը։ Պատգամավորներին հրավիրում եմ զրույցի, թող ասեն, թե ինչով են հիմնավորում այս նոր գինը. Azg.am-ին ասաց տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։
Նա բացատրում է շրջանառության հարկի բարձրացման անտրամաբանական, անթույլատրելի հետևանքները։
Օրենքի փոփոխությունը ներդնողները տնտեսվարողներին ասում են, որ իբր նրանք ունենալու են նվազեցումների հնարավորություն 9,5 տոկոսի չափով։ Տնտեսական գիտելիք չունեցող մարդկանց առաջին հայացքից կթվա, թե հարկի գումարը բավականին նվազեցնելու շանս է տրվում։ Այստեղ կա մի բայց. 9,5 տոկոս նվազեցումը վերաբերում է փաստաթղթավորված ծախսերով նվազեցումներին։ Գյուղմթերք արտադրողը որտեղի՞ց է ձեռք բերելու փաստաթղթավորված ծախսերի հաշիվները։ Բնականաբար՝ ոչ մի տեղից։ Հետևաբար, նրանց շրջանառության հարկի գումարը 10 տոկոս է լինելու։ 9,5 տոկոսի նվազեցումը խաբկանք է։
Կրկնուսույցների, փաստաբանական ծառայություններ, մաքրման և այլ աշխատանք իրականացնող ընկերությունները հարկվելու են 10 տոկոսով։ Փաստաթղթավորված ծախսերի նվազեցումը նրանց դեպքում լինելու է անհնար. վստահեցնում է Հրայր Կամենդատյանը։
Մի քողարկված թակարդ էլ կա։ Եթե այսօր թաքնված շրջանառության հարկի հայտնաբերման դեպքում տնտեսվարողը վճարում է թաքնված շրջանառության 5 տոկոսը և այդ գումարի 100 տոկոսի չափով տուգանք, ապա 2025 թվականի հունվարի 1-ից վճարելու է թաքցրածի 10 տոկոսը և 100 տոկոս տուգանք։
Օրինակ՝ եթե քաղաքացին 1 միլիոն դրամի շրջանառությունը թաքցրել է, այն հայտնաբերելու դեպքում վճարում է 5 տոկոս՝ 50 հազար դրամ, նաև տուգանք՝ 50 հազար դրամ, իսկ 2025 թվականից կվճարի 10 տոկոս՝ 100 հազար և դրա տուգանքը՝ ևս 100 հազար։ Ընդհանուր կազմելու է 200 հազար դրամ։
Շրջանառության հարկի բարձրացման մասին՝ տեսանյութում։