Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն. կա եկեղեցու իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, և մենք թույլատրելի և օրինական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար, այսօրվա ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց՝ իրավական խնդիրներ է տեսնում եկեղեցականներին կարգալույծ հռչակելու որոշումներում:
Լրագրողներից մեկը Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ինքը հայտարարում, որ Գարեգին Բ կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված այս կամ այն հոգևորականը բնավ էլ կարգալույծ չէ՝ այսպիսով վիճարկելով եկեղեցու որոշումը, ուրեմն ցանկացած մեկն էլ կարող է վիճարկել նաև կառավարության լեգիտիմությունն ու որևէ նախարարի աշխատանքից ազատումը:
«Մենք ժողովրդից ստացել ենք այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ, և մենք Կտրիճ Ներսիսյանի նման ինքնակոչ չենք: Եվ այո, մենք չենք ճանաչում Կտրիճ Ներսիսյանի կայացրած որևէ որոշում: Այդտեղ մենք արդեն իրավական արձանագրումներ ունենք, և բոլորը պարտավոր են պետության մեջ հաշվի նստել իրավական արձանագրումների հետ, անկախ նրանից՝ որտեղ են աշխատում»,- նշեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն էին տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը., մասնավորապես, տեղեկացրել էր, որ հայտարարության տակ ստորագրածները ձևավորում են համակարգող խորհուրդ, որը համակարգելու է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։




