Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը.
Նոր Ջուղայի և Շահինշահրի հայ համայնքների մասնակցությամբ տեղի ունեցած զորակցական հավաքը նվիրված էր Արցախին։ Միանում են համազգային պայքարին, պահանջում, որ աշխարհը չանտեսի հայության գլխին կախված սպառնալիքը:
«Վկայում ենք, որ Ադրբեջանի իշխանավորները նպատակադրել են ցեղասպանության սպառանալիքով իսպառ վերացնել հայությանն իրենց սեփական հայրենիքից, որ նրանք ունակ չեն արդարության և ժողովուրդների իրավահավասարության հիմքով որևէ խաղաղություն հաստատել»,- ասում է Մանիա Ղուկասյանը։
Միջոցառման գլխավոր բանախոսը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էր։ Մարտահրավերների դիմակայելու ուժ և կամք պետք է ունենանք։ Երեք պատերազմ տեսած արցախցին, արդեն 30 տարի շարունակ գտնվելով թշնամու թիրախում՝ չի հանձնվում, քանի որ գիտի՝ պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում է Հայաստանն ու Սփյուռքը։
«Ոտքի կանգնելը, պայքարը շարունակելը հայ ժողովրդի համար ամենառացիոնալ ճանապարհն է, պարտությունը հայ ժողովրդի համար դատավճիռ չէ, դա մեզ համար դաս է, որը մենք օգտագործելու ենք վերականգնվելու համար»,- ասում է ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նոր Ջուղայի հայկական միությունների միասնական պատգամը արցախահայության կողքին կանգնելու կոչ էր։
«Մեր ազգային պարտքն է, որ նույնիսկ այս ծանրագույն պայմաններում, բոլոր դժվարությունների գնով սատարենք ամրակուռ կամքով արցախահայությանն ու նրա արդար պայքարին՝ կանխելու նրանց գլխին ճոճվող ցեղասպանության և հայրենազրկման սպառնալիքները»,- ասում է Զարենուշ Աղուրյանը
Միջազգային հանրությունը պետք է ուղիղ դիրքորոշում ընդունի, դատապարտի և կանխարգելի Ադրբեջանի գործողությունները, որոնք կատարվում են անպատժելիության պայմաններում։ Ադրբեջանի նման պահվածքի հիմնական պատճառը միջազգային հանրության և դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայությունն է։ Նշված էր Շահինշահրի Հայ համայնքի վարչության և կանանց եկեղեցասեր միության խոսքում։
«Սա Ադրբեջանի էթնիկ ատելության, քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկել Արցախի ժողովրդի գոյաբանական սպառնալիքի ներքո կենսական հարցերում զիջում կորզելու Արցախից և պարտադրելու իր կամքը», – ասում է Վալենտին Թորոսյանը։
Ներկայացնելով Հայ Դատի հանձնախմբի խոսքը՝ հանձնախմբի անդամ Թաթուլ Օհանյանը կոչ արեց շարունակել պայքարը, միասնական պայքարը՝ հանուն ազգի և հանուն միասանական Հայաստանի։
«Արցախը հայկական է եղել քրիստոնեության շրջանից առաջ, հայկական պիտի մնա, հայկական է այսօր։ Ղարաբաղը մեր Հայաստանի անվտանգության երաշխիքն է։ Պետք է պայքարել մինչև վերջ և անվերջ», – ասում է Իրանի հարավային շրջանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Թաթուլ Օհանյանը։
Զորակցական հավաքի եզրափակիչ ելույթում ներկաներին իր պատգամը փոխանցեց Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը։ Անդրադառնալով հայ ժողովրդի համար Արցախի կարևորությանն ու կենսական նշանակությանը, նա ընդգծել է, որ Արցախը հայրենիք է և հայրենիքը միայն կարող ենք փրկել միասնությամբ և հավատարմությամբ:
«Մեզ համար, հայերիս համար, հայ ժողովրդի համար Արցախը ամբողջական հայրենիքի, ադամադակուռ թագի ամենաէական, ամենաանհրաժեշտ, ամենակենսական և ամենագեղեցիկ մարգարիտը, ակնը, թանկարժեք քարն է», – ասում է Սպահանի հայոց թեմի թեմակալ Առաջնորդ գերաշնորհ Սիփան Եպիսկոպոս Քէչէճեանը։
Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության խնդիրները, դրանք մեղմելուն ուղղված կառավարության գործունեությունը տեսաուղերձի միջոցով ներկայացրել է Էրիկ Անթառանյանը։ Հանրահավաքին մասնակցում էին թեմի ազգային մարմինները, Հայ Դատի հանձնախմբի և միությունների անդամները, Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտները, համայնքի անդամները։