«Թեքեյան» կենտրոնում մարտի 11-ին անց է կացվել Արցախի հարցով համաժողով, որը կազմակերպել էր արցախցի արձակագիր, վավերագրող Բակուր Կարապետյանը։ Նա հանկարծակիի եկավ, որովհետև նախորդ օրերին 100-ից ավելի մտավորականների հատուկ հրավեր էր ուղարկել, բայց համաժողովին ներկա էին քչերը։
Մտավորականները բոլոր ժամանակներում հանրության շարժիչ ուժն են, խիղճը։ Մտավորականն իր հետևից տանում է ժողովրդին, նրա խոսքը համախմբող ուժ ունի, անաչառ է, համարձակ, անկաշառ։ Բարոյազրկման, արժեզարկման, հոգեբանական ճնշումների մեր օրերում մտավորականների մեծ մասն ապրում է լուռ ու համակերպված իրավիճակի հետ։
Մտավորականների համաժողովը նախաձեռնելու՝ Բակուր Կարապետյանի նպատակը իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելն է, մտավորականների միասնական հարթակ ստեղծելն ու համախմբվելը՝ որպես հակակշիռ իշխանությունների միանձնյա որոշումների ու ապազգային քաղաքականության։
Մեր գերիների վիճակն օրհասական է, նրանց վերադարձի հարցն իշխանությունների օրակարգում չկա, բայց հարկ է, որ այն մտավորականների համար առաջնահրթություն լինի։ Համաժողովի մասնակից Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք պետք է իր տեղում աշխատի, բոլոր ջանքերը գործադրի. հատկապես որ իշխանությունների վրա հույս դնել չենք կարող, Ալիևն էլ իրեն անպատժելի է կարծում։
Համաժողովին քննարկվեցին նաև ներքաղաքական հարցեր, որովհետև դրանցից են բխում մեր բոլոր խնդիրները, բոլոր աղետները։
Համաժողովին ներկա էին համարձակ մտավորականները, ովքեր չեն վախենում աշխատանք ու աշխատավարձ կորցնելուց, քաղաքական հաշվեհարդարներից ու հետապնդումներից։ Ի վերջո, բոլորն են հասկանում, որպեսզի Արցախի ու այսօր արդեն նաև Հայաստանի խնդիրները առաջ քաշվեն հայկական շահի պաշտպանության դիրքերից, ուրեմն պետք է փոխվի բանակցողը, օրվա իշխանությունները պետք է հեռանան։