Շատերի համար անհավանական՝ հոլիվուդյան աստղ Քևին Սփեյսին՝ երևանյան բեմում։
Օվացիաներ, «բրավո՜»-ներ, ոգևորության ճիչեր. Քևին Սփեյսին այս ամենին սովոր է, ու չթաքցրեց՝ սիրում է, երբ իրեն երկար են ծափահարում։
Նրա հետ հանդիպումն անցավ Կինոյի տանը՝ լեփ-լեցուն դահլիճում. ասեղ գցելու տեղ չկար։
Սփեյսիին տեսնելու էին եկել հատկապես երիտասարդ կինոմանները։ 18-20 տարեկան երիտասարդ աղջիկներն ու տղաները տեսել են նրա բոլոր ֆիլմերը, նրա կինոարվեստի երկրպագուն են ու բաց չթողեցին նրան հանդիպելու հնարավորությունը։
Սփեյսին սկանդալային դերասան է, նրա անվան հետ կապված բազմաթիվ դատական գործեր կան՝ սեռական ոտնձգություններ, անգամ մանկապղծություն։ Թեև դատարանը նրան արդարացրել է, այնուամենայնիվ, լայն հանրությունը դերասանին անվերապահորեն չի ընդունում՝ հատկապես բռնությունների դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները։ Հենց նրանց ճնշումների տակ է Հայաստանի ամերիկյան համալսարանը չեղարկել է իր հարկի տակ Սփեյսիին ընդունելու և նրա հետ հանդիպում անց կացնելու պայմանավորվածույթունը։
Կրկնակի օսկարակիր, «Էմմի», Ոսկե գլոբուս», «Թոնի» մրցանակակիր Քևին Սփեյսին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է։ Փառատոնի բացման ժամանակ նա ստացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակ, որին արժանանում են համաշխարհային կինոյում մեծ ներդրում ունեցող գործիչները։
Սփեյսին պատմեց կինոյից ու թատրոնից. երկու ոլորտներն էլ նրան հոգեհարազատ են, երկուսում էլ խաղում է։
Ասաց, որ գնահատում է ու հիանում հատկապես այն արտիստներով, որոնք թատրոնից են եկել կինո։
«Նրանց խաղն ուրիշ է։ Անմիջապես հասկանում ես, որ թատրոնում խաղացել են, գիտեն արտիստական հմտությունները, տեխնիկան, դրա համար էլ հիանալի են դրսևորում իրենց։ Իսկ ընդհանրապես թատրոնի ու կինոյի տարբերությունը մեթոդաբանության մեջ է։ Թատրոնում խաղում ես այս պահի զգացողություններով, իսկ կինոն մեկ անգամ է ֆիքսում խաղդ, ու այն այլևս փոխել չես կարող»,- նկատեց Սփեյսին։
Մանրամասները՝ տեսանյութում.