Վերջին 6 տարում մեր էներգետիկ քաղաքականությունը միայն կորուստներ է կրել։
Ձախողումների, բացթողումների մի հսկայական շրջանը, որը աստիճանաբար տանում է աղետի. «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովին ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։
Նա հիշեցրեց օտարերկրյա մասնագետների հայտարարությունը՝ Հայաստանին սպասում են ցուրտ ձմեռներ, ինչին Հայաստանը պետք է պատրաստ լինի։
Հայաստանի էներգետիկ արտադրական տարեկան հզորությունը կազմել է 7-8 միլիարդ կիլովատ ժամ, որից 1,2-1,5-ն արտահանվել է, մոտ 1 միլիարդ կիլովատ ժամի չափով կորուստ ենք ունեցել։ Էներգահամակարգում կարևոր տեղ է զբաղեցնում ատոմակայանը՝ 35-40 տոկոս, մնացած 60 տոկոս էներգիան ստացում է հիդրո և ջերմային կայաններից։
Արցախի ռեսուրսների վրա հիմնվելով՝ նպատակ կար էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել մինչև 12 միլիարդ կիլովատ ժամի, որից 1 միլիարդը նախատեսվում էր արտահանել։
Հայաստանում ձմռանը ծախսերը կազմում են 1300 մեգավատ, ամռանը՝ 1040։ Չնայած ամռանը ծախսերն ավելի են շատացել՝ կապված օդորակիչների և տեխնիկական այլ սարքավորոումների օգտագործման հետ։
Արմեն Մանվելյանը նշեց. «Արցախում էներգետիկ համակարգը ներդրվել է 1988-ից։ Այդ ժամանակ արտադրվել է 57,8 միլիոն կիլովատ ժամ։ Հետագայում, երբ Արցախն ազատագրվեց, սկսեցին գործել հէկեր, Քարվաճառում ու Բերձորում՝ հատկապես։ Միայն Քարվաճառում և Բերձորում 27-ից ավելի հէկեր են գործել՝ ընդհանուր 192 մեգավատ հզորությամբ։
Արցախի տարեկան հզորությունը կազմել է 887 միլիոն կիլովատ ժամ. դա ամբողջ Հայաստանի պահանջարկի 10 տոկոսն է։
44-օրյա պատերազմից հետո այդ 192 մեգավատից մնացել էր 79 մեգավատ հզորությունը։ Քարվաճառի ու Բերձորի հանձնումից հետո հէկերը մնացին Ադրբեջանին»։
Արցախի կորստով պայմանավորված՝ կորցրել ենք էներգետիկ հզորության 10 տոկոսը։
Էներգետիկ անվտանգության փորձագետը փաստեր ներկայացրեց. Հայաստանը 6 տարում էներգետիկ ոլորտի ոչ մի ծրագիր չի իրականացրել։ Այդպես էլ չկառուցվեց Հայաստան-Վրաստան բարձրավոլտ համակարգը։ Արցախի հանձնման պատճառով հնարավոր չէ օգտագործել Արցախի ռեսուրսները և Վրաստանով էներգիա արտահանել Ռուսաստան, ինչպես նաև Իրան։
Ծրագրված էր Արցախում կառուցել ևս 30 հիդրոկայան։
Մանրամասները՝ տեսանյութում