Գյումրու ավագանու այսօրվա նիստն ընթացավ այնպես, ինչպես պետք է ընթանար՝ հանձնաժողովները կազմավորվեցին, երկու փոխքաղաքապետ ընտրվեց։ Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում ՔՊ-ի հետ հետագա համագործակցությունը, նա պատասխանեց՝ աշխատելու և համագործակցելու են ի շահ Գյումրու, քաղաքի հետ կապված հարցերի շուրջ։
«Եթե դրական կարծիք ունենանք ներկայացված ծրագրերի վերաբերյալ, կողմ ենք քվեարկելու, եթե բացասական կարծիք ունենանք կամ որոշակի կասկածենք, կփորձենք միասին աշխատել՝ ավելի լավացնելու ծրագիրը։
Այնպես որ, չեմ կարծում, որ պետք է առանձնացնել ՔՊ-ին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՔՊ թեկնածուներին հանձնաժողովների անդամների կամ տեղակալների պաշտոնում ընտրվելուն դեմ քվեարկելուն, Ռուբեն Մխիթարյանը բացատրեց՝ իր այդ քայլը տեղավորվում է ոչ միայն Գյումրին ՔՊ-ից լիովին մաքրելու, այլև վերջին 7 տարիներին ՔՊ-ի վարած կադրային քաղաքականությանն անձամբ Փաշինյանի հայտնած անհամաձայնության տրամաբանության մեջ։
«Ես 7 տարի տեսել եմ, թե պետությունն ինչի են հասցրել իր (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ խմբ.) նշանակումները։ Ինչո՞ւ պետք է այս անգամ վստահեմ ՔՊ-ի այս կամ այն թեկնածուին։ Սա հստակ դիրքորոշում է՝ մեր և մեր երկրի կենսափորձից ելնելով»,- նշեց ավագանու անդամը։