Նոյեմբերի 1-ից միայն 100 դրամանոց մետաղադրամով կամ QR կոդով տրանսպորտ նստելու պահանջից հետո, ըստ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հնչեցրած տվյալների՝ օրական 3-5 միլիոն դրամ ավելի է հավաքագրվում, քան նախկինում էր։ Բայց ստվեր, միևնույն է, դեռ կա։
«Պատճառն այն չէ, որ հիմա ուղևորների թիվը մեծացել է, պարզապես այդ գումարը մտնում էր տարբեր գրպաններ, այդ թվում՝ վարորդների, չեմ ուզում ասել բոլորի, որ բարեխիղճ վարորդներն ինձնից չնեղանան։ Ցավոք, ունենք վարորդներ, ովքեր այդ ստվերային շրջանառության մաս են կազմել»,- վարորդների այսօրվա գործադուլի առնչությամբ հրավիրած մամուլի ասուլիսին ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Վարորդները խնդիրներ են բարձրացնում. փոխքաղաքապետն ընդունում է դրանք։ Հայտարարեց, որ շտկելու ուղղությամբ աշխատում են։
Վարորդներն այսօր ասում էին, որ այդ խնդիրները չէին բարձրաձայնում, որովհետև այլ եկամուտ ունեին, որը հիմա չունեն։ Այսօրվա գործողության պատճառը տարբեր փաստարկների տակ կարելի է քողարկել. նշեց Գրիգորյանը։
Նա վարորդների այսօրվա գործողությունը գործադուլ չի համարում, համարում է շանտաժ և քաղաքային իշխանությունների վրա ճնշում գործադրելու, հանրային դժգոհություն գեներացնելու փորձ։
Սա արվում է, որպեսզի մենք էլ ասենք՝ դե լավ, ժողովուրդ ջան, եկեք մի քիչ քիչ գողացեք… էս խոսակցությունները չեն լինելու. ասաց փոխքաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում: