Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։
20 տարի առաջ Արցախում ընտանիք կազմած, ազգությամբ ռուս Օլյան շատ լավ գիտի՝ ովքեր են ադրբեջանցիներն ու ինչ նպատակներ կարող են ունենալ։
«Ես ճանաչում եմ, ուսումնասիրել եմ նրանց պատմությունը, նրանք ատում են այս ազգին, մանկապարտեզներից են սկսում սերմանել այդ ատելությունը», – ասում է Օլյան։
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղում հայտնված ադրբեջանցի կեղծ բնապահպանների գործողություններին աջակցում են նաև Ադրբեջանի ռուսական համայնքի ներկայացուցիչները։ Համայնքի նախագահի առաջին տեղակալ Անաստասիա Լավրինան հաստատել է իրենց մասնակցությունը, այսպես ասած, էկոակտիվիստների ակցիային։
«Լաչինի միջանցքում կանգնած են ռուս խաղաղապահներ։ Շատ տեղեկություններ կան ադրբեջանցի քաղաքական գործիչներից, պատգամավորներից այն մասին, որ այդ ակցիան, ոչ այնքան ղարաբաղցիների դեմ է, որքան՝ ռուս խաղաղապահների։ Ստացվում է այնպես, որ նրանք կագնում են այնտեղ, ինչպես ասում են, իրենց ազգի դեմ, ռուս զինվորների դեմ»,- ասում է Օլյան։
Շուշի-Քարինտակ խաչմերուկում ադրբեջանցիների կողքին հայտնված Ադրբեջանի ռուսական համայնքի անդամների ներկայությունից է զարմացած Օլյան։ Մի՞թե չեն հասկանում, որ 120 հազար արցախցիների հետ իրենք նաեւ այստեղ ապրող հարյուրավոր ռուսներին են պաշարել:
«Ինձ համար այս պահին ամենադժվարն այն է, որ երեխաս սովորում է Երևանում․ ուսանող է, չի կարողնաում տուն գալ։ Դա և՛ նրա համար է դժվար, և՛ մեզ համար։ Այսինքն՝ այս շրջանում մենք չեն կարողանում տեսնել մեր երեխային, նա չի կարողանում տուն գալ»,- ասում է Օլյան։
Շրջափակման դժվարություններին Օլյան արդեն հասցրել է հարմարվել։ 57 օր շարունակ սննդի բացակայությունը, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի պարբերական խափանումներն իր ընտանիքի համար նույնպես դժվարություններ են ստեղծել։ Տանը դպրոցահասակ երեխա ունի: Բայց ամենադժվարը ՀՀ-ում սովորող դստեր կարոտին դիմանալն է։
«Իմ ամուսինն ինքն է այս տունը սարքել, պայմաններ ստեղծել իր երեխաների համար։ Հիմա շատ դժվար է այս ամենը թողնելը, չնայած գիտեմ, որ տեղ ունեմ գնալու, ինձ կընդունեն, ծնողներս, հարազատներս այնտեղ են, ինձ կաջակցեն, բայց ես չեմ կարող դա անել։ Ամեն դեպքում, արդեն մոտ 20 տարի է՝ ես այստեղ եմ ապրում»,- ասում է Օլյան։
Անգամ 2020 թվականի պատերազմից հետո Արցախը լքելու մասին չի մտածել։ Ու չնայած իրավիճակն անկայուն է, ապագան՝ անորոշ, կյանքն Արցախում այլևս նախկինը չէ, միևնույն է, իր տունն այստեղ է․ ասում է Օլյան։
Ադրբեջանի ռուսական համայնքի ներկայացուցիչների գործողությունները դատապարտել է ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը՝ այդքանից հետո կասկածի տակ դնելով հենց համայնքի գոյությունը։ Անընդունելի համարելով տեղի ունեցողը՝ նա նշել է, որ ռուսական ազգանուններով Ադրբեջանի էթնիկ ռուս քաղաքացիները պետք է «դեն նետեն իրենց անձնագրերը»։
Այս մանրամասներին Օլյան տեղյակ է նաեւ աշխատանքի բերումով: Աշխատում է Արցախի Հանրային ռադիոյի ռուսական լուրերի բաժնում։ Այստեղ ռուսերեն է խոսում: Բայց Արցախում ապրելու 20 տարվա ընթացքում սովորել է նաև հայերենը։ Իր բախտակից 120 հազար արցախցիներին դիմում է հայերեն։
«Բոլորը պետք է պայքարեն միասին, ուժ եմ ցանկանում, խաղաղություն բոլորին․ ինձ թվում է միասին մենք հաղթահարելու ենք», – ասում է Օլյան։