Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարակից տարածքում՝ թեք լանջից վերքև, 2.500 քմ տարածքում նոր պուրակ է կառուցվել, տույաներ են տնկվել։ Գնացեք-տեսեք՝ ինչպես է երևանցիների հարկերից 900 հազար դոլար արժեցող պուրակը չորացել, 214 հազար դրամանոց տույաներն էլ՝ վրադիր։
Այդպիսի գին չկա՝ 214 հազար դրամ՝ մեկ տույայի համար, այն էլ 2 մետրից պակաս երկարությամբ. Այդ ծառերը կարելի էր գնել ամենաշատը 15 հազար դրամով։ 900 հազար դոլար՝ պուրակի համար։ Ի՞նչ է արվել այդ ահռելի գումարով. հարցնում է բժիշկ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանում» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։
Սա կանաչապատման անվան տակ Երևանի քաղաքապետարանի միակ «գլուխգործոցը» չէ։ Ինչպես բազմիցս ենք լուսաբանել, Երեւանի կենտրոնական փողոցներում «նախկին» ծառերը հատեցին, փոխարենը սակուրա ու ու այնպիսի ծառեր տնկեցին, որոնք ոչ ստվեր ունեն, ոչ սաղարթ, ոչ բարձրություն, նախատեսված չեն Երևանի նման չորային կլիմայի համար, ցածր ջերմաստիճանի պայմաններում էլ կցրտահարվեն։
Ուրեմն ինչի՞ համար էր Երևանը «նախկին» ծառերից «ազատելու»՝ ծառերի փոխանակման ծրագիրը, եթե այն կանաչ տարածք չի ապահովելու, տնկած ծառերը չորանում են, սաղարթ չունեն, Երևանի չափազանց կեղտոտ օդը մաքրել չեն կարող։
Ամեն ծառն էլ գնվել է աստղաբաշխական գումարներով։
Հետևությունն ինքներդ արեք։
Ի դեպ, թե ինչու են նոր տնկած ծառերը չորանում, պատասխանը ցնցող է. քաղաքային իշխանությունները սկզբում մեղքը բարդել են անձրևների վրա, թե՝ տեղումները շատ էին, 10 օր հետո այլ պատճառ են բռնել՝ շատ շոգ է, դրանից էլ ծառերը չորանում են։ Եվ ուշադրություն… ամենազավեշտալի պատասխանը՝ ծառերի տերևաթափն սկսվել է։
Ուրեմն Երևանում նոր տնկված ծառերը չեն սպասել աշնանը, արդեն հուլիսին տերևաթափ են լինում։