Երբ Հիսուսն իր աշակերտների և մի մեծ բազմության հետ դուրս էր գալիս Երիքովից, Տիմեի որդին՝ Բարտիմեոսը, որը մի կույր մուրացկան էր, նստած էր ճանապարհի եզրին։ Երբ լսեց, որ անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել.
-Դավթի՛ Որդի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ։
Շատերը նրան սաստեցին, որ լռի, իսկ նա առավել բարձր ձայնով աղաղակում էր.
-Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ։
Հիսուսը կանգ առավ և հրամայեց, որ կույրին իր մոտ բերեն։ Նրանք կանչեցին կույրին և ասացին.
-Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ։
Նա դեն գցեց իր վերարկուն, ոտքի ցատկեց և եկավ Հիսուսի մոտ։ Հիսուսը հարցրեց նրան.
-Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ։
Կույրը պատասխանեց.
-Վարդապե՛տ, ուզում եմ, որ աչքերս բացվեն։
Հիսուսն ասաց.
-Գնա՛, քո հավատը քեզ բժշկեց։
Իսկույն նրա աչքերը բացվեցին, և ճանապարհին նա գնում էր Հիսուսի հետևից։
(Մարկոսի ավետարան 10։46-52)
Բարի ունկնդրում․
ԽՆԴՐԱՆՔ․ Աստծո խոսքի տարածման մեջ ունեցե՛ք ձեր դերը՝ հավանելով և տարածելով «Սուրբ Գիրքն ամեն օր» էջը և նյութերը․