Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգումը կատարվել է բացառապես բարեգործական հիմունքներով, Հայաստանի պետբյուջեից ոչ մի լումա չի հատկացվել։ Բայց մինչև 2020 թվականի հունվար եկեղեցուն արված այդ բարեգործությունը հարկվել է, ինչը պարզապես անընդունելի է և արտահայտում է իշխանության՝ հայ եկեղեցու նկատմամբ, մեղմ ասած, անբարյացակամ վերաբերմունքը դեռ մինչև 2020 թվականը։ Իսկ դրանից հետո, ինչպես գիտենք, այդ վերաբերմունքը վերածվեց թշնամանքի ու հալածանքի։
Հիշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր պետբյուջեից հատկացրեց գումար տեղի 3 հայկական եկեղեցիները վերանորոգելու համար, քանի որ դրանք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Մայր Տաճարն էլ է գրանցված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, բայց Հայասատնի իշխանությունները հարկ չեն համարել պետբյուջեից գումար հատկացնել։
Քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է սեպտեմբերի 28-29-ին տեղի ունենալիք Մյուռոնօրհնեքի և վերանորոգված Մայր Տաճարի վերաբացման, վերաօծման արարողություններին Հայաստանի իշխանություններին հրավիրելու փաստին։
Այն, որ եկեղեցին Փաշինյանին և նրա ղեկավարած կառավարությանը պաշտոնապես հրավիրել է մասնակցելու, Էդգար Ղազարյանն անընդունելի է համարում և փաստերով է ներկայացնում՝ ինչու։
2018 թվականի իշխանազավթումից անմիջապես հետո Հայ եկեղեցին, կաթողիկոսը, հոգևորականները անընդհատ ծաղրի, քննադատության, նվաստացման, արհամարհանքի են ենթարկվում։ Անգամ Վեհափառի դեմ ագրեսիվ ակցիաներ եղան։ Գարեգին Երկրորդի անվտանգությունն ապահովելու համար հանրային անհանգստություն առաջացավ, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Մնում է կաթողիկոսին պաշտպանենք ժողովրդից»։ Նա Վեհափառին դիմում է ավազանի անունով, ինչն ակնհայտ արհամարհանք ու նվաստացում է կաթողիկոսի նկատմամբ։
2024-ի հունվարի 1-ին Հ1-ը չհեռարձակեց Վեհափառի ամանորյա ուղերձը. և դա, իհարկե, իշխանության հրահանգով։ Դպրոցներից հանվեց Հայ եկեղեցու պատմություն առարկան. սա նույնպես իշխանության անմիջական հրահանգով։
Իշխանությունները չեն այցելում Հայրապետական պատարագներին, արգելում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, պաշտոնական արարողակարգերում կաթողիկոսն առհասարակ չկա։
Եվ սա դեռ իշխանությունների հակաեկեղեցական գործողությունների մի փոքր մասն է։ Այսքանից հետո Փաշինյանն ու նրա թիմը հրավիրված են մասնակցելու Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնեքի՞ն. ոչ հռետորական հարց է ուղղում Էդգար Ղազարյանը։
Ի վերջո, անհերքելի է, որ կառավարության գլուխը վաղուց իրեն դրել է Աստծո տեղ։
Հիշենք, որ նա 2023 թվականի ապրիլի 21-ին հայտարարեց. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում.