Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը, որ 40-ից ավելի ֆիլմ է նկարահանել, մի օր էլ, (իսկ դա 2018 թվականն էր) որոշեց իր ապրածը, տեսածը, զգացածը, արվեստի մարդկանց հետ իր շփումների, մտերմության, անցուդարձի հուշերն ու տպավորութուններն ուղղակի պատմել։ Վաղ երիտասարդությունից են գալիս այդ հուշերը, որոնք ամփոփել է «Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» ժողովածուում։
Գիրքը մտերմիկ, ջերմ պատմությունների շտեմարան է, որտեղ հերոսները ներկայացված ու նկարագարված են վավերագրող-ռեժիսորի աչքերով։
Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի ծննդյան օրվա առիթով էր Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը «Թեքեյան» կենտրոնում կազմակերպել գրքի շնորհանդեսը։ Երեկոն նաև արվեստագետի անցած ճանապարհը, նրա վաստակն արժևորելու առիթ էր։ Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության կողմից Ռուբեն Միրզախանյանը Հրանտ Հակոբյանին հանձնեց պատվոգիր։
Հրանտ Հակոբյանը տարբեր մարդկանց, տարբեր պատմություններ, տարբեր թեմաներ է դարձրել իր վավերագրական ֆիլմերի նյութ։ Նրա «Հավերժական թռիչք- Հրանտ Դինք», «Արցախ աշխարհ», Ջիվան Գասպարյան», «Հանդիպում», «Մեր սահմանը», «Մոռացված կղզիների բնակիչները» և 4 տասնյակն անցնող մյուս ֆիլմերը ներկայացվել են նաև միջազգային կինոփառատոներին ու մրցանակների արժանացել։
«Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» գրքի շնորհանդեսին «Թեքեյան» կենտրոնում ցուցադրվեց Հրանտ Հակոբյանի «Մեր Արմենակը» ֆիլմը՝Թուրքիայի ձախակողմկան կուսակցության առաջնորդ, վրեժխնդրության ու արդար դատաստանի ճանապարհն ընտրած Արմենակ Բաքրճյանի մասին։
Գրքի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը պատմեց, որ սկզբում տարակուսել է, երբ իմացել է, որ վավերագրական կինոյի վարպետ Հրանտ Հակոբյանը գիրք է գրում, բայց հետո համոզվել է, որ կինոռեժիսորը նաև հրաշալի գրող է։
Երկրորդ գիրքը գրել կինոռեժիսորը չի պատրաստվում, մեկը հերիք է՝ ասում է, բայց նոր ֆիլմերի սցենարներ կան։ Դրանցից մեկն Արցախի մասին է, մյուսը՝ հայ և թուրք արվեստագետների հանդիպման, նրանց երկխոսության մասին։ Հայ արվեստագետի դերում մտադիր էր նկարահանել գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին, բայց նա մահացավ։ Հիմա ռեժիսորն ուզում է այդ դերում նկարել գեղանկարիչ Արամ Իսաբեկյանին, իսկ թուրք արվետագետի կերպարը Տրապիզոնի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
Այնպես որ, «Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» ժողովածուն իր տեղում՝ որպես ստեղծագործական դրսևորում, իսկ առջևում նոր ֆիլմերն են։