Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության միջնորդությամբ այսօր Գորիսից Ստեփանակերտ է ժամանել 20 մարդ: Ընտանիքների վերամիավորման ծրագրի իրականացման գործընթացում հաշվի են առնվում կարևոր առաջնահերթություններ:
«Խմբերի մեջ են մտնում ծնողներ և անչափահաս երեխաներ,որոնք բաժանված են իրարից:Առաջնահերթ են նաև հիվանդները,որոնք մնացել են իրենց խնամակալներից հեռու: Եվ կարևոր է նշել, որ բոլոր ցուցակները կազմվում են օպերատիվ շտաբի հետ», – ասում է ԿԽՄԿ արցախյան առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։
Ընտանիքի անդամներին դիմավորում են անհամբերությամբ, ոմանք նաև փուչիկներով, իսկ Մարիան՝ ծաղկեփնջով:
«Ես եկել եմ դիմավորեմ տատիկիս, երեք ամիս է չեմ տեսել նրան, Էս ծաղիկների փունջը նրան եմ բերել: Շատ երջանիկ եմ», – ասում է Մարիան։
Գոհար Ասլանյանը նշում է՝ Արցախից հեռու է գտնվել երկու ամիս, մեկ օր: Դեկտեմբերի 12-ին ճանապարհվել է ու մնացել կես ճամփին:
«Մեզ տեղափոխեցին Գորիս: Շատ շնորհակալ ենք հյուրանոցի աշխատողներից», – ասում է Գոհար Ասլանյանը։
Հիմա էլ շնորհակալ է Կարմիչ Խաչին, որ կազմակերպել են իրենց տունդարձը: Ասում է՝ շատ դժվար էր հայրենի տնից – տեղից կտրված։
«Ինչու է աղմկում գետը» ֆիլմում Հրաչյա Ներսիսյանը կարոտով նայում էր իր օջախին, բայց չէր կարողանում հասնել: Այ նույնն էլ մենք էինք: Հիմա շնորհակալ եմ իրենց, որ մեզ տեղ հասցրին», – ասում է Գոհար Ասլանյանը։
Էթերի Մուսայելյանն ասում է, որ ընտանիքների վերամիավորման ծրագրով դեռևս 900 շահառու կա գրանցված:
«Առ այսօր ավելի քան 200 մարդ հնարավորութուն է ունեցել վերամիավորվելու ընտանիքների հետ: Մենք պատրաստակամ ենք շարունակել, քանի որ սա էլ է մտում կարևոր մարդասիրական հարցերի շրջանակում», – ասում է ԿԽՄԿ արցախյան առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։