Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայկական կողմը պետք է գնա և Բաքվում խոսի հայ գերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանության իրավունքի մասին. Նարինե Դիլբարյան

Ադրբեջանն ամենուրեք իր օրակարգերն է առաջ քաշում, հետևաբար հայկական կողմը ևս պետք է գնա և Բաքվում խոսի հայ գերիների, ՀՀ քաղաքացիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանության իրավունքի մասին, կառավարության առջև արցախահայության բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը։

«Անգամ թշնամական ճամբարում պետք է բացահայտել և ներկայացնել, թե ինչ է արել Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանն ամեն օր քայլ առ քայլ ոչնչացնում է հայկական հոգևոր ժառանգությունը։ Էթնիկ զտում կատարեց, հիմա էլ վերացնում է հայկական հետքը։ Դրա մասին պետք է խոսել Բաքվում։ Լռել՝ նշանակում է փոքրոգություն և թուլակամություն ցուցաբերել»,- ասաց Դիլբարյանը։

«Միասին» շարժման խորհրդի անդամ, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ժասմինա Ղևոնդյանն իր հերթին ընթերցեց ՀՀ վարչապետին, ԵԱՀԿ ՄԽ-ին, Հայաստանում ՄԱԿ-ի  և ԵՄ ներկայացուցչություններին ուղղված պահանջագիրը։ Պահանջագրով կոչ  է արվում պաշտպանել Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքները։

«Արդեն ավելի քան 30 տարի է՝ Ադրբեջանից բռնի տեղահանված 1 մլն-ից ավելի հայերի հարցը մնում է առկախված»,- ասաց Ղևոնդյանը։