Մենք մեր որդիական սերն ու հարգանքն ենք արտահայտում Վեհափառ Հայրապետին, մեր աջակցությունն ենք ցուցաբերում մեր բարեպաշտ հավատացյալ ժողովրդին և ուզում ենք, որ մեր Վեհափառ Հայրապետը ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, նաև սուտ խոստումների զոհ են դարձել։ Այս մասին այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Կխնդրենք, որ Վեհափառ Հայրապետը հնարավորինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ և նաև այնպիսի որոշում կայացնի, որը կբավարարի հավատացյալ ժողովրդին։
Ես նույնիսկ չեմ համարում, որ երեկ վարչապետի կողքը նստած եպիոսկոպոսների հայտարարությունն իրենց ազատ կամարտահայտությունն է եղել։ Ես կարծում եմ՝ իրենք դա արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, ճնշման տակ, որովհետև երբ վարչապետը քննադատում էր եկեղեցուն, այն բոլոր բաների մասին էր ասում, որոնք ունեն վերահիշյալ արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները»,-ասաց նա։
Ըստ հոգևոր հովվի՝ այն, որ բարձրաստիճան հոգևորականներն առանց Կաթողիկոսի գիտության հանդիպման են գնացել վարչապետի հետ, դա արդեն իսկ ապօրինություն է, նրանք այդ իրավունքը չունեին։ Նա առանց անուն տալու, նշեց, որ այդ հանդիպմանը մասնակցածները ևս խախտել են կուսակրոնության ուխտը։
«Նախկինում էլ նրանք այդ խնդիրը ունեցել են։ Վարչապետի կողմից հայտարարությունները այն վատ եկեղեցականների մասին, որոնց մասին ինքն ասում էր, հենց իր շուրջն էին հավաքվել։ Այդ հանդիպումով վարչապետն ինչ-որ առումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատասխան չեն։
Արդարացի որոշման դեպքում եթե իրենք զղջան, ներողություն խնդրեն, Վեհափառ Հայրապետը կարող է նաև ողորմած և ներողամիտ լինել։
Եթե ես լինեի Վեհափառ Հայրապետը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած սրբազանները դեռ երեկ երեկոյան կարգալույծ կհռչակվեին, ու այս կիրակի վեց նոր եպիսկոպոսներ կօծեի։
Բայց, փառք Տիրոջը, որ ես չեմ Վեհափառ Հայրապետը, Վեհափառ Հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց ու երկայնամիտ անձնավորություն է։ Կարծում եմ՝ իրենցից ոմանց նկատմամբ ողորմած լինել, եթե նրանք զղջան»,- նշեց Տեր Վրթանեսը։
Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։
Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանդիպման է հրավիրում Սրբազան Հայրերին։ Հանդիպումը նույն օրը կայացավ։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։




