Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով էր հրավիրվել։ Օրակարգում նաև հոգևորականների վարքին վերաբերող, դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի հետ կապված հարցերն էին։
Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Մայր Աթոռում պառակտումներ, տարաձայնություններ կան։ Իշխանությունների կողմն անցնող հոգևորականների թիվն ավելանում է, Փաշինյանի մասնակցությամբ պատարագների թիվը՝ նույնպես։ Եվ այդ պատարագներին չի հնչում Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի անունը։
Հետաքրքիր է, որ Փաշինյանի մասնակցությամբ պատարագները կատարվում են կամ այն թեմերում, որոնց առաջնորդները կալանավորված են, օրինակ՝ Հովհաննավանք, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի, կամ այն թեմերում, որոնց առաջնորդներն իրենց չեզոք ու լուռ դիրքորոշմամբ ընդառաջ են գնում Փաշինյանին, նրա ձեռքը սեղմում, ողջագուրվում, մասնակցում պատարագին։
Մայր Աթոռում եկեղեցական ժողովին շտապող բարձրաստիճան հոգևորականները, խոսքները մեկ արած, ոչ մի հարցի չեն պատասխանել, ոչ մի տեղեկություն չեն հաղորդել, խուսափել են նաև դիրքորոշում հայտնել իշխանություների՝ եկեղեցու, հոգևորականների, Վեհափառի նկատմամբ ակտիվացող քաղաքականության վերաբերյալ։



