Վանի, Մարաշի, Ուրֆայի, Սվազի, Այնթափի ասեղնագործություն ասելով՝ պետք է հասկանալ մի ամբողջ քաղաքակրթություն, մշակույթ ու պատմություն։ Ինչպես հայկական հինավուրց գորգերն են իրենց զարդանախշերով պատմում հայ ժողովրդի մտավոր, հոգևոր ու կենցաղային հարուստ ավանդույթների մասին, այնպես էլ թելը, գործվածքն ու ասեղն են հայ կնոջ մատների հպումից խոսում ու պատմում ոչ միայն նրա ապրումների, հույզերի ու երազանքների, այլև մի ամբողջ ժողովրդի անցած դարավոր ճանապարհի մասին։ Ասեղնագործ-վարպետ հայ կինը կտորի վրա ասես մանրանկարչություն արած լինի՝ գործի դնելով իր վառ երևակայությունը, գեղեցիկի նկատմամբ ամենանուրբ ընկալումներն ու ազվնագույն ճաշակը։
Տիկի Ծովակը Սիրիայից 12 տարի առաջ է եկել Հայաստան ու որոշել, որ այստեղ էլ հաստատվելու է։ Ասեղնագործությունը նրա էությունն է արդեն 27 տարի։ Իր ստեղծագործություններից բացի, հավաքածուում ունի նաև ցեղասպանության ճանապարհ անցած հին աշխատանքներ, որոնք մասունքի պես է պահում։ Ձեռագործությամբ նաև վաստակում է ու, ամենակարևորը, ասեղնագործություն է դասավանդում։
Տիկին Ծովակը դեռ Սիրիայում եղած ժամանակ է ունեցել արվեստի երկրպագուներ ու գնորդներ։ Նրանք մեծ մասմաբ օտար երկրներից են ու մինչև հիմա ասեղնագործ իրեր են պատվիրում նրան։
Ասեղնագործության 3 վարպետները՝ մեկ սրահում։ Նրանց աշխատանքների ցուցահանդեսը կանանց տոնի՝ մարտի 8-ի առթիվ, ներկայացնում է Թեքեյան կենտրոնը։ Նպատակը՝ կանանց տոնին մեծարել, գնահատել, արժանին մատուցել բազմաշնորհ, հայ օջախի հենասյուն ու ապավեն, հայկական ավանդույթները, մշակույթը պահպանող ու սերունդներին փոխանցող հայ կնոջը։
Ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը բացվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղված օրհնությամբ։
Ասեղնագործության վարպետներն իրենց ստեղծագործությանը չեն վերաբերվում որպես զուտ աշխատանքի, նրանք գիտակցում են, որ մեծ առաքելություն ունեն՝ Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում ծնունդ առած ասեղնագործության տեսակները, որ ժառանգել են իրենց մամիկներից, կատարելագործել ու փոխանցել սերունդներին։
Թեքեյան մշակութային միության armtmm.com կայքում ևս ներկայացված են ասեղնագործության 3 վարպետների՝ Ծովակ Գանթարջյանի, Աիդա Սանթուրյանի, Հուրի Իփեկճյանի աշխատանքները։ Առաջին հայացքից անձեռակերտ թվացող այս ստեղծագործությունները կատարելության են հասել 20-30 տարվա անխոնջ աշխատանքի շնորհիվ։
Մարտի 8-ին նվիրված ցուցահանդեսը ևս մի առիթ է՝ համոզվելու, որ ավելի քան 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված, անապատներով, գաղթի ճամփեքով Սիրիա հասած հայերն այդ երկրում ոչ միայն փրկություն ու ապաստան գտան, այլև վերածնվեցին։ Սիրիան նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծեց, որպեսզի հայկական մշակույթը ծլարձակի, արմատներ գցի, որ հայն արաբական աշխարհում պահպանի իր ինքնությունը, լեզուն, կրոնն ու ազգային ավանդույթները:
Ասեղնագործության ցուցահանդեսի «Արմատներ» խորագիրը պատահական չի ընտրված, այն հետադարձ հայացքով արժևորում է մեր արմատները, մեր ակնունքը, որից միշտ վերընձյուղվել է հայի նոր սերունդը։
Մանրամասները՝ տեսանյութում.