Գարնանից Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը խաղում է Պիեռ Կոռնեյլի «Սիդ» ներկայացումը։ Բեմադրող ռեժիսորը Ժիրայր Փափազյանն է։
17-րդ դարի դրամատուրգ, ֆրանսիական ողբերգության հայր Կոռնեյլի «Սիդը» հայկական բեմում ներկայացվում է առաջին անգամ։
Ընդհանրապես Ժիրայր Փափազյանը հայտնի է իր համարձակ մտահղացումներով, պիեսների հայկական ադապտացիաներով։ Նա հրաշալի է ըմբռնում այօրվա հանդիսատեսի պահանջները, բայց միշտ գտնում է «ոսկե միջինը»՝ մնալ դասական, մշակութային բարձր արժեհամակարգի սանդղակին ու հանդիսատեսին բարձրացնել այնտեղ, երաժշտության, խաղի, գույի ու լույսի, դեկորացիաների կոմպոզիցիայով նրան գրավելով ստիպել տեղափոխվել մեկ այլ իրականություն, որտեղ մի կոմսի ապտակը մյուսին մահացու վիրավորանք է, ու հարցը պետք է լուծվի մենամարտով, որտեղ սիրո համար մեռնելը մեծ պատիվ է ու ասպետական քայլ, որտեղ հայրենիքը թշնամուց փրկողը արքայից էլ բարձ տիտղոսի է արժանանում։
Անշուշտ, 17-րդ դարի պիեսը՝ տվյալ ժամանակաշրջանի վարքուբարքով, մտածելակերպով, թեմայով, միջավայրով բերել-հասցնել մեր օրեր ու պատանիների համար հետաքրքիր, գրավիչ դեարձնել, բարձր ճաշակ, հմտություններ ու պորֆեսիոնալիզմ է պահանջում։
«Սիդ» ներկայացումը միշտ անցնում է լեփ-լեցուն դահլիճներում։
Ներկայացման բեմադրող նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, երաժշտությունը հեղինակել է Վահան Արծրունին, հագուստը՝ Տերյան մշակութային կենտրոնի։
Գլխավոր դերերում խաղում են Մխիթար Ավետիսյանը, Սաշա Սուքիասյանը, Լուիզա Մելքոնյանը, Սեյրան Մովսիսյանը, Ռոզա Փարամազյանը, Արթուր Կարապետյանը։
«Սիդը» 3 ժամանոց ներկայացում է, բայց Ժիրայր Փափազյանն այն կրճատել է։ Պիեսը չափածո է։ Սա ևս բարդացնում է խաղը, բայց դերասանները խոսքը տեղ հասցնելու առումով նույնպես հաղթահարել են դժվարությունը։