Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։
Գյուղի ավագներն իրենց ու նաեւ երիտասարդ համայնքապետին են հուսադրում: Բոլորից լավ իրենք գիտեն, որ իրավիճակը բարդ է, բայց վստահ են՝ կհաղթահարենք: Ամեն տարի գյուղի վարչական տարածքում հացեցիներն իրականացնում էին մոտ 120 հա աշնանացան : 2020 թ-ի պատերազմից հետո թշնամին պարբերաբար սկսեց խանգարել այդ աշխատանքներին: Գյուղի բնակիչների համար թշնամու կրակոցները դարձել են առօրյայի մաս: Առաջին սադրանքը Հացիի ուղղությամբ 2020 թ-ի նոյեմբերի 18-ին էր, վերջինը՝ 2023-ի հունվարի 6-ին: Հարակից դիրքերից ադրբեջանցի զինվորականները դաշտում աշխատող տրակտորի վրա են կրակել: Մեքենան վնասվել է: Տուժածներ չկան: Սակայն ստիպված էին դադարեցնել աշխատանքները: Արդյունքում համայնքի 120 հա վարելահողից կարողացել են մշակել 50-ը: Մի քանի պատերազմ տեսած Լուսիկ տատը լավատես է՝ կդիմանանք: 90-ականներին երկու զավակին կորցրած Լուսիկ Զախարյանն այսօր ինքն է ուրիշներին հույս տալիս: Էլի են կրակել, բայց գյուղից դուրս եկող չի եղել, հաստատում է համագյուղացին: Ավագների հոգսերին առատ ձյունն է ավելացել: Փոխարենը, գյուղի փոքրիկներն են ուրախացրել: