Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի հիմնադիր-նախագահ, «Եվրոպա և Արևելք» ֆրանսալեզու պարբերականի տնօրեն, ֆրանսահայ գործիչ Վարուժան Սրապյանն այս օրերին Հայաստանում է։
Azg.am-ը նրա հետ ծավալուն հարցազրույց է արել, որը հատվածաբար կներկայացնի առաջիկայում։
«Չոպանյան» ինստիտուտի աջակցությամբ հրատարակվել և թարգմանվել է «Հայ ռազմավարական միտքը» ժողովածուն, որում ընդգրկված են Եղիա Թաշճեանի, Նիկոս Լիգերոսի, Քարալամբոս Պետինոսի, Բենիամին Պողոսյանի, Մհեր Սահակյանի, Վարուժան Սրապյանի վերլուծությունները Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմավարական հեռանկարների վերաբերյալ։
Հարցազրույցի առաջին հատվածում Վարուժան Սրապյանը վերլուծել է աշխարհաքաղաքական այսօրվա իրադարձությունների համայնապատկերում Հայաստանի, Հայկական Սփյուռքի դերակատարումը։ Տարբեր պետությունների շահերի բախումը, երբեմն՝ համընկնումը, աշխարհաքաղաքական նոր իրողություններին նոր թափ և տարբեր ուղղություններ են տալիս։ Հայաստանն ինչպե՞ս պետք է ձևակերպի իր շահը և ինչպե՞ս պետք է այն առաջ տանի։ Հայկական Սփյուռքն այդ գործում կարո՞ղ է մասնակցություն ունենալ։
Վարուժան Սրապյանը այսօրինակ հարցերին անդրադառնալիս հղում է արել իր կազմած նոր գրքին, նաև «Չոպանյան» ինստիտուտի գործունեությանը, որը ջանում է աջակողմյան կամ ձախակողմյան հայացքներից զերծ մնալ՝ տպագրել ու տարածել միայն փաստերը, անգամ եթե դրանք շատ համարձակ են։
«Մի քանի տարի առաջ ֆրանսիացի երկու լրագրողների հետ Հայաստանում հանդիպեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Նրան հարցրի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Պատասխանեց՝ դա մեր պրոբլեմը չէ, թուրքերի պրոբլեմն է։ Ցեղասպանության փաստերը կան, մենք գիտենք դրանց մասին, բայց թուրքերն իրենց 100 տարվա պատմության էջը չեն կարողանում շրջել, որովհետև չեն ընդունում պատմական ճշմարտությունը և հույս էլ չկա, թե երբևէ կընդունեն այն. դա պետք է հստակ իմանանք»,- պատմեց Վարուժան Սրապյանը։
Նա ծնվել է Պոլսում, մոտիկից է ճանաչում թուրքերին, քաջ գիտե նրանց հոգեբանությունը։ Թուրքերն ասում են, որ ինչ-որ դեպքեր են եղել 100 տարի առաջ, բայց որ իրենք հայերի ցեղասպանություն են իրականացրել, չեն ընդունում և «ցեղասպանություն» եզրույթն էլ չեն օգտագործում։
Azg.am-ը ներկայացնում է Վարուժան Սրապյանի հետ հարցազրույցի առաջին մասը։ Մանրամասները՝ տեսանյութում.