Զոհված զինվորների հարազատները ստիպված են շրջել Երևանի և մարզերի դպրոցներով, որպեսզի ստուգեն՝ «Փառքի անկյունները» տեղո՞ւմ են, թե հանվել են։
Նրանց տպավորությունը Արագածոտնի մարզի Ապնայի, Ծաղկահովտի, Ալագյազի դպրոցներից բացասական է, որովհետև ծնողներին անգամ դպրոցների շեմից ներս չեն թողել։
Իսկ Արագածոտնի մարզպետը հայտարարել է, թե նրանք եկել են 50 հոգով, ինչ-որ երիտասարդ տղաների են հետները բերել, ագրեսիվ պահվածք են դրսևորել։
«Որդիների կանչ» կազմակերպության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ այդպիսի բան չի եղել։ Իրենք ընդամենը ցանկացել են դպրոցներ մտնել ու տեսնել՝ «Փառքի անկյունները» կա՞ն, թե ոչ, բայց արժանացել են արհամարհական ու մերժողական վերաբերմունքի։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 14-ին հայտարարել է, թե որևէ շրջաբերական, հրահանգ չկա, որ դպրոցներից «Փառքի անկյունները» հանվեն, դժգոհություններն էլ անորոշ են։
Հիմա արդեն որոշակի հասցեներ կան, թե որ տնօրեններն են արգելել զոհված զինվորների ծնողներին մտնել դպրոց ու տեսնել «Փառքի անկյունները»։
Եթե այդ անկյունները կան, տնօրեններն ինչո՞ւ են խուսափում ծնողներին տանել ու ցույց տալ դրանք։ Այստեղից էլ կասկած է առաջանում՝ կամ այդ անկյունները չկան, կամ ոչ բարվոք ու ոչ պատշաճ վիճակում են։
Օրինակ՝ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենն ու ուսուցչական կազմը մեծ սիրով ու հարգանքով են ընդունել ծնողներին, ուղեկցել «Փառքի անկյուն», ցույց տվել նաև մուտքից մինչև 2-րդ հարկ արված հայրենասիրական թեմաներով ձևավորումները՝ Արցախի դրոշ, «Տատիկ-պապիկ», Սարդարապատի հերոսամարտ, Արցախյան պատերազմներ, Հերոսների լուսանկարներով ու պատմություններով ստենդներ…
Իսկ եզդիաբնակ Ալագյազ գյուղի դպրոցի եզդի տնօրենը, տեսնելով զոհված զինվորների ծնողներին, ասել է՝ ես չեմ ճանաչում ձեզ, ի՞նչ իմանամ, գուցե մուսուլման եք։