Քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեմ է նույն խմբակցությունից Հայկ Սարգսյանի առաջարկած օրենքի նախագծից, որի նպատակը զինվորական ծառայությունից խուսափածներին ու հետագայում էլ խուսափողներին պետբյուջե վճարում անելու պարտադրանքն է։
Այդ դեպքում զինապարտներին՝ 18-27 տարեկաններին ինչո՞ւ չի վերաբերում օրենքը։
«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանի կարծիքով՝ այս նախագիծը անհաշտություն ու անհանդուրժողականություն է ստեղծելու հանրության շրջանում։ Մարդիկ ունենալու են անարդարության զգացում՝ մեկը փող տա, ազատվի բանակից, մյուսը՝ ծառայի։
Հովիկ Աղազարյանին էլ է նույն խնդիրն անհանգստացնում։ Նա վստահ է, որ բանակից խուսափած 100 հոգու Հայաստան բերելով ու պետբյուջե 15 միլիոն դրամ վճարելով՝ խնդիրն ավելի է սրվելու։ 100-ը կվերադառնան, բայց հազարավորները կլքեն երկիրը, որովհետև ծառայության դիմաց գումար չեն ունենա վճարելու։
Եվ, ի վերջո, թշնամու աչքի առաջ քննարկվում է Հայկական Զինված ուժերում ծառայելուց խուսափելը խրախուսող օրենքի նախագիծ այն դեպքում, երբ թշնամի երկիրը զինապարտության տարիքը ավելի է բարձրացրել։
Հասարակությունից հնարավորինս ավելի շատ գումար «քերելու» մոլուցքը , Հայրենիքի պաշտպանությունը գումարով փոխարինելու սկզբունք-առաջարկը սարսափելի է ու վտանգավոր, ինչից թշնամին միայն ու միայն ուրախանալու է ու ավելի սանձարձակ է դառնալու։