Այս իշխանությունը, որտեղ գտնում է «ազգային» բառը, խորշում է, ինչպես թուրքը խոզի մսից, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։
«Այս դեպքում «ազգային» բառը կա ԳԱԱ բառակապակցության մեջ։ Ի՞նչ պետք է անել․ պետք է այդ բառն արմատից կտրել, և դա էլ արված է։
Մեկ նախադասությամբ օրենքի նախագիծն այն մասին է, որ ԳԱԱ-ն պետք է կազմաքանդել, այնտեղից հանել բոլոր գիտական կազմակերպությունները, մի մասը բռնակցել բուհերին, և այդ բուհերի անունը դնել «համալսարան»։ Բայց այդ գիտական կազմակերպություններն էլ բաժանում են «լավերի» և «վատերի»։ «Լավերն» ինքնակամ միավորվելու են բուհերի հետ՝ կորցնելով իրենց ինքնութրույությունը, իսկ «վատերի» հետ դա արվելու է օրենքի ուժով։
Սկզբում իշխանությունները փորձեցին միավորել բուհերը, համոզել գիտական հաստատություններին դուրս գալ ԳԱԱ-ից։ Ըստ էության, դա նրանց չհաջողվեց։ Ամենակարճ ճանապարհն օրենքի մեջ փոփոխություններ անելն է կամ նոր օրենք ընդունելը»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։
Կրթության փորձագետը շեշտեց՝ դաշտում այժմ գործում են ոլորտը կարգավորող մի քանի օրենքներ, դրանք կդադարեն գոյություն ունենալ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։
«Ինչ վերաբերում է ԳԱԱ-ին, ապա այն կվերածվի շարքային հիմնադրամի։ Օրինագծով վերացվելու են նաև գիտական աստիճանները, գիտությունների դոկտորի գիտական աստիճան չի լինելու։ Գիտական կոչումների մասին որևէ խոսք չկա։
Հետխորհրդային երկրներից մի քանիսն այս ճանապարհն անցել են 8-10 տարի առաջ։ Վրաստանը մի կողմ դրեց հին մոդելը և որդեգրեց բարձրագույն կրթության կազմակերպման անգլո-սաքսոնական մոտեցումը։ Առանց այդ էլ գիտության վատ վիճակը Վրաստանում բերեց նրան, որ հինգ անգամ կրճատվեց գիտնականների թիվը։ Մեր վրացի գործընկերենը միշտ զգուշացնում են երբեք չգնալ իրենց ուղով»,- ամփոփեց Ատոմ Մխիթարյանը։