Համաշխարհային օվկիանոսի քիմիական կազմի փոփոխությունները կապված են գլոբալ բնակլիմայական գործընթացների հետ, առաջին հերթին՝ մթնոլորտում ածխաթթու գազի քանակի ավելացմամբ։ Երբ օդում СО₂–ի քանակն ավելանում է, այն ավելի ակտիվորեն է սկսվում լուծվել ջրում և առաջացնում է թթվային հատկություններով իոններ, ինչի հետևանքով օվկիանոսի ջրի pH-ը նվազում է։ ԱՄՆ գիտնականների ուսումնասիրությունը վկայում է այդ մտահոգիչ փաստի մասին․ մարդկությունն արդեն իսկ հատել է հերթական մոլորակային սահմանագիծը, որը կապված է օվկիանոսի թթվայնացման հետ, գրում է AB-NEWS-ը։ Վերջին 150 տարիների ընթացքում ծովի ջրի pH-ի մակարդակը նվազել է 0.1-ով, ինչը ըստ լոգարիթմական սանդղակի նշանակում է թթվայնության զգալի աճ։
Բացահայտումը, որը հրապարակվել է Global Change Biology ամսագրում, հիմնված է սառցե միջուկների տվյալների, պատմական քիմիական չափումների, համակարգչային մոդելավորման և ծովային էկոհամակարգերի դիտարկումների համալիր վերլուծության վրա։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջրերի շուրջ 40%-ը և ենթամակերևութային ջրերի մոտ 60%-ը արդեն հաղթահարել են կարբոնատային իոնների նվազման կրիտիկական շեմը՝ թթվայնացման հիմնական ցուցանիշը։ Ավելին, այս կտրուկ շրջադարձային պահը հաղթահարվել է առնվազն 5 տարի առաջ։
Համաշխարհային օվկիանոսը կլանում է մարդու գործունեության հետևանքով արտանետված ածխաթթու գազի մոտ 30%-ը, ինչը բերում է քիմիական ռեակցիաների շղթայի․ CO₂-ը լուծվելով ջրում և առաջացնելով ածխաթթու, նվազեցնում է կարբոնատային իոնների կոնցենտրացիան։ Իսկ այդ իոնները կենսական նշանակություն ունեն ծովային օրգանիզմների համար, որոնք իրենց խեցիներն ու կմախքները կառուցում են կալցիումի կարբոնատից՝ կորալներից մինչև խեցգետնակերպեր ու պլանկտոն։
Կարբոնատների նվազումը հանգեցնում է կորալային խութերի քայքայման, որոնք «ստորջրյա քաղաքներ» են և ապահովում են կենսաբազմազանությունը, ափամերձ գոտիների պաշտպանությունը: Բացի այդ, թթվայնացումը խաթարում է սննդային շղթաները՝ սպառնալով բազմաթիվ ծովային բնակիչների գոյությանը, ինչը, բնականաբար, ազդում է միլիոնավոր մարդկանց պարենային անվտանգության վրա։
«Մոլորակային սահմանների» կոնցեպտը, որը մշակվել է գիտնականների կողմից 2009 թվականին, սահմանում է այն շեմերը, երբ մարդկությունը կարող է անվտանգ գոյություն ունենալ՝ առանց Երկրի էկոհամակարգերում անդառնալի փոփոխություններ առաջացնելու։ Ինը հիմնական սահմաններից՝ ներառյալ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանությունը և քիմիական աղտոտումը, վեցն արդեն խախտվել են։ Նոր ուսումնասիրությունը այս ցանկին ավելացնում է յոթերորդը՝ օվկիանոսի թթվայնացումը։
Չնայած վատ եզրակացություններին՝ ուսումնասիրության հեղինակները ընդգծում են, որ մոլորակային սահմանագծի հաղթահարումը դեռևս չի նշանակում, որ իրավիճակը անդառնալի է։ CO₂-ի արտանետումների նվազեցումը և կայուն տնտեսական մոդելների անցումը կարող են աստիճանաբար վերականգնել օվկիանոսի քիմիական հավասարակշռությունը։
Սակայն ժամանակը մարդկանց դեմ է աշխատում․ որքան երկար պահպանվի ներկայիս դինամիկան, այնքան ավելի բարդ կլինի գործընթացը հակառակ ուղղությամբ շրջելը։