Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Ադրբեջանն իր վարած հակահայկական քաղաքականության գրեթե բոլոր ոլորտներում այս կամ այն չափով հաջողել է՝ առավելապես վերջին շրջանում։ Թե ինչո՞ւ մենք ձախողեցինք դիվանագիտության մեջ, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում (նաև՝ տեղեկատվական), ինչո՞ւ ունեցանք այսչափ տարածքային կորուստներ, վերլուծություններն ու վարկածները շատ են, և վստահաբար ժամանակը կբացի բոլոր փակագծերն ու մեղավորներին կկանգնեցնի արժանի դատաստանի առաջ։ Այժմ պետք է համարձակություն ունենանք առերեսվելու իրականությանն ու ինքներս մեզ խոստովանելու, որ Արցախյան առաջին պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո հակահայկական ոլորտում Ադրբեջանի հաջողությունները, թուրքական և նավթային գործոններին զուգահեռ, պայմանավորված էին նաև դեպի նպատակը հասնելու վճռականությամբ ու հաստատակամությամբ, և մեզ համար բոլորովին էական չպետք է լինի՝ դա արվում էր ներքին օրակարգից ելնելո՞վ, իշխանությունը պահելու կամ իրենց ազգային շահերը պաշտպանելու համա՞ր, թե՞ բոլորը միասին։ Փաստ է, որ գործ ունենք հզոր թշնամու հետ, ում բոլոր հաջողություններն ու բացերը պետք է հասանելի լինեն մեր հանրության համար։
Որքան էլ զարմանալի լինի՝ Ադրբեջանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես նպաստեց մեր պարտությանը․ ի թիվս հետախուզական այլ տեխնոլոգիաների՝ ադրբեջանական արբանյակները առավելագույնս կիրառվել են՝ ճշգիրտ կոորդինատներ ստանալու, նկարահանումներ իրականացնելու համար և ոչ միայն՝ թե՛ սահմանի երկյանքով, թե՛ թիկունքում։
Այսպես։ Ադրբեջանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման հիմքը դրվել է 1992 թվականին՝ «Ազգային աէրոտիեզերական գործակալության» ձևավորմամբ։ 2008 թվականին Ի.Ալիևը ստորագրեց «Ադրբեջանում տիեզերական արդյունաբերության ստեղծման և հեռահաղորդակցային արբանյակների արձակման մասին» փաստաթուղթը, որի հիմքով Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կազմում ձևավորվեց այդ հարցերով զբաղվող խմբի կազմը։ 2010թ. հիմնադրվում է «Azerkosmos» բաց բաժնետիրական ընկերությունը, որի առաջնային նպատակն էր ուղեծիր դուրս բերել հեռահաղորդակցային արբանյակ, ապահովել նրա ղեկավարումն ու շահագործումը։ 2017-ին Ալիևի հրամանագրով «Azerkosmos»-ը դուրս է բերվում նախարարության կազմից և դրվում ազգային ենթակայության տակ։
Հեռահաղորդակցային առաջին արբանյակը՝ «Azerspace-1»-ը, Ադրբեջանը գործարկել է 2013թ. փետրվարին՝ ֆրանսիական Կուրու տիեզերակայանից։ Այն նախատեսված էր թվային հեռարձակման, համացանցի հասանելիության, տվյալների փոխանակման, ինչպես նաև պետական և հատուկ կապի ոլորտներում ծառայություններ մատուցելու համար: 3275 կգ ընդհանուր զանգվածով «Azerspace-1» արբանյակը պատրաստվել էր ԱՄՆ «Orbital Sciences» տիեզերական ընկերության կողմից։ Շահագործման ակնկալվող ժամկետը 15 տարի է։ Ըստ տարածված տեղեկատվության, արբանյակի ընդհանուր արժեքը կազմել է 230 մլն դոլար։ Ադրբեջանական 2-րդ՝ «Azerspace-2» հեռահաղորդակցական արբանյակը արձակվել է 2018 թվականին։ Վերջինիս գործառույթները էապես չեն տարբերվում նախորդից։
Ադրբեջանի երրորդ արբանյակը հետախուզական է։ 2014թ. դեկտեմբերին Ադրբեջանը Ֆրանսիայից ձեռք է բերում նոր նախագծված «Spot-7» արբանյակը, որը հետագայում վերանվանում է «Azersky»։ 720 կգ զանգվածով այս արբանյակն ունի ակնկալվող շահագործման 10 տարի ժամկետ։ Նախատեսված է Երկրի մակերևույթի դիտարկման, հետախուզության, անհրաժեշտ նշանակետերի տեղորոշման համար։ Առք և վաճառքի պայմանագիրը նախատեսում է ադրբեջանական «Spot-7» և ֆրանսիական Airbus Defense and Space ընկերությանը պատկանող «Spot-6» արբանյակների համատեղ շահագործում, ինչն, ըստ էության, մեծացնում է արբանյակի հնարավորությունները՝ թե՛ որակյալ նկարահանումների, թե՛ մասշտաբների (տեղագրական քարտեզները 1։25000 մասշտաբային հարաբերակցությամբ են), թե՛ ճշգրտության առումով։ Բաց աղբյուրներում նշվում է նաև Spot-6 և 7 արբանյակային զույգից Թուրքիայի օգտվելու փաստը։
Արբանյակների ղեկավարման հիմնական կենտրոնը գտնվում է Ադրբեջանում՝ Բաքվից 25,7 կմ հյուսիս-արևմուտք, Գոբուստան ավանից և M4 մայրուղուց 3.25 կմ հարավ։
Պարզ է, որ թե՛ այժմ, թե՛ պատերազմի ժամանակ և դրանից առաջ մեր տեղանքի ճշգրիտ կոորդինատների տվյալները, նշանակետերն ու շարժը դիտարկվել են Spot-6 և 7 արբանյակային զույգի միջոցով։
Հայաստանը դեռևս արբանյակ չունի՝ ո՛չ հետախուզական, ո՛չ հեռահաղորդակցական։
2012 թվականին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը «Ռոսկոսմոս» ընկերության ղեկավար Վլադիմիր Պոպովկինի հետ հուշագիր ստորագրեց, ըստ որի նախատեսվում էր մինչև 2020 թվականը համատեղ գործարկել հեռահաղորդակցական արբանյակ, որը պետք է ստեղծվեր ակադեմիկ Ռեշետնևի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի կողմից: Սակայն արբանյակն այդպես էլ չգործարկվեց։
Արդեն 2020 թվականի մարտին ԱԺ-ի կողմից հաստատվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծ, ինչը հեռանկարում ենթադրում էր արբանյակի գործարկում։ Սակայն, այս անգամ էլ ամեն ինչ մնաց թղթի վրա, և մենք չկարողացանք այդպես էլ վերականգնել ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր համարվող տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հավասարակշռությունը մեր թշնամու հետ։
Եվ հարցն այստեղ ամենևին ռեսուրսները չեն․ մենք ունենք բավարար գիտական ներուժ, և վստահաբար երկարաժամկետ պետական ծրագրերի համար 250 մլն դոլարը մեծ գումար չէ (մի քանի տարվա պարգևավճար և պետական պաշտոնյայի մի քանի գույք)։ Ուրե՞մն։ Ադրբեջանի տիեզերական տեխնոլոգիաները ուղղակիորեն սպառնալիք են մեր անվտանգության համար։