ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2015թ. մասնակցել է ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը: Այս մասին է վկայում ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ 2015թ. յութուբում հրապարակած տեսանյութը, որտեղ Մարիա Կարապետյանը մասնակցում է տոնակատարությանը, թռչկոտում խարույկի շուրջ, զվարճանում, նաև բառացի հետևյալն է ասում. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»:
Տեսանյութից տեղեկանում ենք, որ տոնակատարությունն անցկացվում է «Rondine Cittadella della Pace» կազմակերպության կողմից, որը, ինչպես ասվում է կազմակերպության պաշտոնական էջում՝ ձգտում է ամբողջ աշխարհում մեղմել զինված հակամարտությունները և տարածել իր սեփական մեթոդը՝ ցանկացած համատեքստում կոնֆլիկտների կրեատիվ վերափոխումների համար: Կազմակերպության նպատակն է՝ իր ներդրումն ունենալ՝ ստեղծելու զինված բախումներից զերծ մի մոլորակ, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի իր գործիքները՝ կոնֆլիկտները ստեղծագործ և դրական ճանապարհով կառավարելու համար:
Նշենք, որ Մարիա Կարապետյանը այդ կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում է։
Արևմտյան կազմակերպություններում թրեյնինգներ անցած Մարիա Կարապետյանը, գուցե ճիշտ կլիներ՝ իր խաղաղասիրական արշավները Բաքվում անցկացներ, որովհետև հայ ժողովուրդը խաղաղասեր է: Հայ տարեց ծերունուն ադրբեջանցին գլխատում է, իսկ Մարիա Կարապետյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարում է, թե պետք է պատրաստվել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Մարիա Կարապետյանի թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ ինքը շարունակում է մնալ այն տեսակետին, որ պետք է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այդ բանաձևի իրականացմանը մենք ականատես եղանք, ուղղակի լուծումն ընդունելի եղավ բացառապես Ադրբեջանի ժողովրդի համար: Մարիա Կարապետյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը խոսում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում անցկացված զորահանդեսին հայտարարում է, թե իբր Զանգեզուրը, Սևանն ու Երևանն Ադրբեջանի պատմական տարածքներն են: «Չի կարելի կորցնել գեթ մեկ րոպե, անհրաժեշտ է պատրաստվել նոր պատերազմի: Քոչվորների հետ չպետք է խոսվի որևէ առևտրային, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, յուրաքանչյուր ոք, ով հակառակն է համոզելու, ինքնաբերաբար որակվելու է՝ որպես դավաճան և տականք»,- ասել է Իլհամ Ալիևը:
Աղբյուրը՝ 168.am
Yerkir.am