Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարմամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Բաքվի նախաձեռնող խումբը (The Baku Initiative Group), որը կապված է Ադրբեջանի կառավարության հետ, քարոզում է դադարեցնել Փարիզի իշխանությունը նրա բազմաթիվ անդրծովյան շրջաններում՝ անկախության կողմնակից ակտիվիստներին աջակցելով այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ֆրանսիական Պոլինեզիան և Նոր Կալեդոնիան, նկատում է աղբյուրը:
«Այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է անում ֆրանսիական պետությունն այս գաղութացված տարածքներում», – հարցազրույցում ասել է խմբի ղեկավար Աբբաս Աբասովը։
Ըստ Bloomberg-ի՝ առճակատումը, ըստ երևույթին, ավելի կսրվի, քանի որ Ֆրանսիան, որտեղ բնակվում է մեծությամբ երրորդ հայկական սփյուռքը, զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Երևանի հետ:
«Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի նշանակած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից», – կանխատեսում է հոդվածագիր Հենրի Մեյերը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի գնման վրա՝ այն ձեռք բերելով օտար ուժերից՝ Թուրքիայից, Իսրայելից և Ռուսաստանից, ու դա օգնել է Բաքվին 2020 թվականից ի վեր երկու պատերազմ տանել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի:
«Ադրբեջանը վրդովված է, որ Հայաստանը զենք է ստացել Ֆրանսիայից և կտրուկ է արձագանքել դրան»,- նշել է Բեռլինի Քարնեգի ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը։
Աղբյուրը նկատում է, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում Եվրամիության՝ Ադրբեջանից գազի ներկրումը կրկնապատկելու վերաբերյալ գործարքի իրականացման հետ կապված խնդիրների ֆոնին, քանի որ դաշինքի երկրները չեն ցանկանում ֆինանսավորել խողովակաշարերի ընդլայնումը և հաստատել երկարաժամկետ պայմանագրեր:
«ԵՄ-ում մեծ հակազդեցություն կա այս գործարքին՝ կապված հանածո վառելիքի և մարդու իրավունքների առնչությամբ մտահոգությունների հետ», – նշել է փորձագետ Ֆուկ Վին Նգուենը Փարիզի Ժակ Դելոր ինստիտուտից:
Bloomberg-ը հիշեցնում է, որ ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ էր անում դաշինքին դիտարկել Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության դադարեցման հարցը՝ կապված այդ երկրում քաղբանտարկյալների իրավիճակի հետ:
«Գոյություն ունի աշխարհաքաղաքական հարթություն: Չեք կարող աչք փակել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այնտեղ», – նշել է Նգուենը՝ մատնանշելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան դինաստիան (հավանաբար նկատի ունի տասնամյակներ շարունակ նույն ընտանիքի՝ իշխանության ղեկին գտնվել-Խմբ.) և մարդու իրավունքների վերաբերյալ բազմիցս քննադատված իրավիճակը:
Պարբերականը հիշեցնում է, որ Բաքվի և Փարիզի միջև վեճը վատագույն կետին է հասել Նոր Կալեդոնիա արշիպելագում, որտեղ Մակրոնի իշխանության դեմ զանգվածային անկարգություններ էին սկիզբ առել մի վիճահարույց օրինագծի պատճառով, որը դուր չէր եկել Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին: Դրա հետևանքով Նոր Կալեդոնիայում մայիսին մի քանի շաբաթ բողոքի ցույցեր էին, հրկիզումներ, թալան և անկարգություններ, որոնց ընթացքում որոշ ցուցարարներ ծածանում էին ադրբեջանական դրոշները: Դրանից հետո Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է «կրակի վրա յուղ լցնելու» և իրավիճակը բորբոքելու համար:
«Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն բացասական են Ֆրանսիայի համար: Ադրբեջանցիները փորձում են ստիպել Ֆրանսիային հրաժարվել կամ նվազեցնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը», – ասել է պաշտոնյան, որը հարցի զգայունության պատճառով խոսել է անանունության պայմանով։
Հարաբերությունների վատթարացման մեկ այլ օրինակ էր այն, որ Ադրբեջանը դեկտեմբերին վտարել է երկու ֆրանսիացի դիվանագետի՝ առաջացնելով համարժեք պատասխան: Բացի այդ, Ադրբեջանը լրտեսության մեղադրանքով ձերբակալել է Ֆրանսիայից մի գործարարի, ինչպես նաև կարգադրել է փակել Բաքվում գտնվող ֆրանսիական դպրոցը։
«Ֆրանսիան Ադրբեջանի պահվածքը համարում է չափազանց անբարյացակամ և ագրեսիվ: Այդուհանդերձ, նա կշարունակի զինել Հայաստանին»,- նշել է Փարիզի Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի փորձագետ Դորոթի Շմիդը։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հունիսի 18-ին ասել է, որ Փարիզը Երևանին ինքնագնաց հաուբիցներ է վաճառելու։ Բացի այդ, Ֆրանսիան արդեն պարտավորվել է մատակարարել ռադարներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահափոխադրիչներ։
Tert.am