Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ հայ-վրացական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է վաղուց արված լինեին, պարզապես կողմերը հապաղել են և ընթացք չեն տվել հարցի լուծմանը։
«Հայաստանը և Վրաստանն ուղղակի չեն շտապել։ Մյուս կողմից, չեմ կարծում, որ այստեղ կարող են տարածքային խնդիրներ լինել։ Ենթադրում եմ՝ քանի որ Վրաստանը ստացել է Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, այս պրոցեսը կարող են արագացնել հենց Եվրոպայից, որովհետև, եթե Վրաստանը դառնա ԵՄ անդամ, հայ-վրացական սահմանը կդառնա ԵԱՏՄ-ի և Եվրամիության սահման։ Դրա համար էլ, հավանաբար, իրենք շտապում են. այլ մեկնաբանություն չկա»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը։
Ըստ քաղաքագետի՝ հայ-վրացական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացից չպետք է կոնֆլիկտային դրվագներ ակնկալել, քանի որ խոսքն ընդամենը հստակեցումների մասին պետք է լինի։
«Ես չեմ կարծում, թե հայ-վրացական հարաբերությունների դեպքում խնդիրներ ծագեն։ Վստահ եմ, որ որևէ բնակավայրի պատկանելության փոփոխության հարց չի քննարկվելու»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ըստ yerkir.am-ի՝ վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքների թեման՝ որոշակի տարածքներ զիջելու Վրաստանին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստան-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին:
Լրատվամիջոցը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ փորձելով պարզել՝ վերջին շրջանում տեղի ունեցող հայ-վրացական բարձր մակարդակի շփումներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-Վրաստան սահմանազատման-սահմանագծման ուղղությամբ, ՀՀ-Վրաստան սահմանի ո՞ր հատվածներում են կատարվել սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքներ կամ ձեռք բերվել պայմանավորվածություն՝ կատարելու սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ, ինչպիսի՞ ճշգրտումներն են եղել կամ որոշում է կայացվել՝ իրագործելու, և սահմանային նման տեղաշարժերի արդյունքում կոնկրետ ո՞ր հատվածերն են անցել կամ անցնելու վրացական կողմին:
Արտաքին գործերի նախարարությունից ստացված գրավոր պատասխանի մեջ էլ հաստատվել է, որ «…Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»: