2020-ին կրկնվում է այն, ինչը կատարվել է 1920-ին:
Ռուսաստանը վերադառնում է Կովկաս, այս անգամ Հայաստանով (1920-ին Ադրբեջանով էր եկել)։ Երկու դեպքում էլ ռուս-թուրքական պայմանավորվածություններով։ Արևմուտքն, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, միայն խոստումներ է տալիս, սակայն ոչ մեկի համար չկարողացավ անվտանգության երաշխիքներ ստեղծել։ Նիկոլի ու Վրացյանի կառավարությունները նույն ճակատագիրը կիսեցին։
Երկու դեպքում էլ Վրաստանն ամենավերջինն էր ու ինչպես առաջ, նույնպես հիմա, Վրաստանի համար Աբխազիայի հարցն էր ճակատագրական։ Երկու դեպքում էլ բրիտանական տնտեսական շահերն են առանցքում եղել։
Ինչու է պատմությունը կրկնվում։
Ամբողջ խնդիրն աշխարքաղաքականական դասավորվածությունն է։ Մինչ մեր տարածաշրջանին անցնելը, փորձենք հասկանալ աշխարքաղաքական բալանսների տեսության պարզագույն սկզբունքները։ Ինչու է ԱՄՆ քաղաքականության հիմքում դրվել «Ռուսական վտանգի» սկզբունքը։
Իրականում ռուսական վտանգն ԱՄՆ-ին պետք է Եվրոպան իր ազդեցության տակ պահելու համար։ Ով տիրում է Գերմանիային, տիրում է Եվրոպային, իսկ Գերմանիային տիրելու համար պետք է Եվրոպան զգա արտաքին վտանգ, որից նրան պետք է պաշտպանել։ Այսինքն թիրախը ոչ թե Ռուսաստանն է, այլ Եվրոպան, Ռուսաստանն ընդամենը միջոց է ու ռուսական վտանգը միշտ պետք է թեժ պահել։
Նույնը հնարքը Իսրայելն է օգտագործում։ Իսրայելի խնդիրն արաբական աշխարհն է և դրան վերահսկելու համար արաբական աշխարհը պետք է ունենա սպառնալիք։ Դա կարող է լինել Իրանն ու Թուրքիան։ Արտաքին սպառնալիքի շնորհիվ Իսրայելը կարողանում է վերահսկել արաբական աշխարին, իր հիմնական հակառակորդին։
Այստեղ, սակայն, կա մեկ հանգամանք, Իրանի միջուկային ծրագիրը, ինչը բալանսների վրա հիմնված խճանկարը խախտում է ու խնդիրներ է առաջացնում։
Պարզ է, եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, հաջորդները կլինեն Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, որոնք այդ ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տանում ու արդյունքում, տարածաշրջանի միակ միջուկային երկրի՝ Իսրայելի անվտանգության ողջ համկարգը ձախողվում է։ Սա խնդիր է, սակայն դա մի կողմ թողնենք ու վերադառնանք մեր տարածաշրջան։
Ով տիրում է Հարավային Կովկասին, նա ապագայում կտիրի Հյուսիսային Կովկասին, Միջին Ասիային, Վոլգայի հունին և այս առումով Հարավային Կովկասը միշտ լինելու է Թուրքիայի ու Ռուսաստանի թիրախում, մինչև որ նրանցից որևէ մեկը չփլուզվի։ Իսկ Հարավային Կովկասի ստրատեգիական տարածքն Ադրբեջանն է, Վրաստանը միջանցքն է, Հայաստանը՝ պատվարը։
Հարավային Կովկասում վերջին տարիներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժային բալանսը խախտվել էր, ըստ որոշ գնահատականների 1/8 հարաբերակցությամբ և Ռուսաստանն ու Թուրքիան պետք է անմիջական կերպով խաղին մասնակցեին։ Կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս ապաշնորհ կառավարությունն արագացրեց այդ գործընթացը, գուցե փորձելով Արցախից ազատվելով այլ ելքեր գտնել, ինչպես նման բան փորձում էր անել 1920-ի Հայաստանի կառավարությունը։ Դա վատ ավարտվեց։
Հիմա Հայաստանի նոր կառավարությունը պետք է նոր ազգային ստրատեգիա մշակի, ելնելով ներկա իրավիճակից ու վերականգնվի Հարավային Կովկասի խախտված բալանսը։ Դա աշխատանք է, որը պետք է կատարվի։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան