Ռուսաստանը կիսում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) իր նախագահության տարվա համար Հայաստանի հռչակած առաջնահերթությունները և պատրաստ է աջակցել դրանց իրականացման հարցում. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Հունվարից միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հաջողություն եմ մաղթում իմ հայ գործընկերներին։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները։ Դրանք մեծապես համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Մենք պատրաստ ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար», – Միշուստինի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը՝ շեշտելով ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորելու կարևորությունն ու գործընկերներին կոչ անելով այդ հարցում փոխզիջումային պայմանավորվածությունների հասնել։