Իրանագետ Արմեն Վարդանյանը լիահույս է, որ Իրանում նոր նախագահի ընտրությունից հետո հայ-իրանական հարաբերությունները նախկինի նման դինամիկ կզարգանան։ Նրա կարծիքով՝ անկախ այն բանից՝ Իրանում պահպանողական, թե բարեփոխիչ ուժեր են իշխանության եղել, Հայաստանի հետ հարաբերությունները բարեկամական են եղել։
«Հույս ունեմ, որ նոր նախագահը կշարունակի այդ գիծը։ Մենք էլ մեր կողմից պետք է որոշակի նախաձեռնություն ցուցաբերենք»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետը։
«Օրինակ՝ Հյուսիս-հարավ մայրուղու՝ Քաջարան-Սիսիան թունելի կառուցման աշխատանքներում հայկական կողմի նախաձեռնությամբ ներգրավվել են երկու իրանական շինարարական ընկերություններ։ Հայաստանում Իրանի նախկին դեսպանն, օրինակ, բողոքում էր, որ Հայաստանը որևէ իրանական ընկերության չի հրավիրում ճանապարհներ կառուցել։ Հիմա արդեն պայմանագիր է ստորագրվել, որ իրանական երկու կազմակերպություն կկառուցեն այդ ճանապարհները։ Սա ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Արմեն Վարդանյանը շեշտեց՝ շատ կարևոր է, որ հայկական կողմը նախաձեռնողականություն ցուցաբերի և իրանական կողմին ծրագրեր առաջարկի։
«Համատեղ աշխատելու լայն հնարավորություններ կան նաև անվտանգային ոլորտում, բայց պետք է նաև նկատենք, որ Իրանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ավելի շատ փորձում է չեզոքություն պահպանել և երկու երկրներևի գործերին շատ չի խառնվում։ Անվտանգային առումով Իրանը հրաժարվում է զենք վաճառել Հայաստանին և Ադրբեջանին։ Սա քաղաքականություն է, բայց համատեղ զորավարժություններ, իհարկե, կարելի է կազմակերպել։
Հայտնի է, որ ավելի վաղ Իրանի կողմից եռակողմ զորավարժությունների առաջարկ հնչել է, սակայն Ռուսաստանը կտրականապես հրաժարվել է՝ համարելով, որ այս տարածաշրջանն իր ազդեցության գոտին է։ Դրա փոխարեն Իրանը համատեղ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ։ Այնպես որ այս հարցում հայկական կողմը պետք է ճիշտ աշխատի»,- ասաց Արմեն Վարդանյանը։
Վերջում իրանագետն ընդգծեց՝ հայ-իրանական հարաբերություններում կա մեծ պոտենցիալ, որը պետք է արդյունավետ իրացնել։
«Իհարկե, Իրանն իր առանձնահատկություններն ունի, այնտեղ կաղապարային մտածողություն ունեն. համատեղ որոշումների հանգելու համար երկար ժամանակ և լուրջ աշխատանք է պետք։
Իրանի համար զգայուն թեմա է, օրինակ, Հայաստան-Արևմուտք գործակցությունը։ Այս մասով նրանք լուրջ մտավախություններ ունեն, և հայկական կողմը պետք է փարատի բոլոր կասկածները՝ համոզելով, որ այդ հարաբերություններն ուղղված չեն Իրանի դեմ»,- ամփոփեց իրանագետը։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը։
69-ամյա քաղաքական գործիչը անցած 16 տարիներին Իսլամական խորհրդարանի Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանական փոքրամասնության ներկայացուցիչն էր։ Նա բարեփոխական օրենսդիր է. նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է վերանայել կանանց գլխաշոր կրելու կանոններին հետևող բարոյականության ոստիկանության գործունեությունը, կողմնակից է նաև Իրանում համացանցի սահմանափակումների վերացմանը։
Փեզեշքիանն ուրբաթ օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը։ Նրա մրցակից Սայիդ Ջալիլին, որը հայտնի է պահպանողական՝ կոշտ հակաարևմտյան դիրքորոշմամբ, մոտ 44 տոկոս ձայն է հավաքել։