Շատ լավ է, որ Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը հանդես եկավ Արցախը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագրի չեղարկման մասին հայտարարությամբ, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ադրբեջանը և ՀՀ իշխանություններն ուղղակիորեն արհամարհում են ամեն բան և առաջ են շարժվում սեփական ծրագրով։ Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հակաարցախյան բուռն զառանցանքները, որ մեր բոլոր դժբախտությունները գալիս են Արցախից, և ԱՀ պետական կառույցների՝ Հայաստանում գործելը կվնասի Հայաստանին, սեփական դավաճանությունն ու թրքասիրությունը թաքցնելու միջոց են։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Սամվել Շահրամանյանը արցախահայության փրկության համար է ստորագրել ԱՀ լուծարման մասին հրամանագիրը։ Այդ փաստաթուղթը շանտաժի արդյունք է։ Բայց նա չի կարող իր մեկ ստորագրությամբ լուծարել Արցախի Հանրապետությունը, քանի որ այն հռչակվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, որի ժամանակ ամբողջությամբ պահպանվել են ԱՀ հռչակման սահմանադրական բոլոր նորմերը։
Ի դեպ, Արցախն իր անկախությունն Ադրբեջանի խորհրդային հնարապետությունից հռչակել է՝բացարձակ չխախտելով ԽՍՀՄ սահմանադրությունը։ Չմոռանանք մեկ կարևոր հանգամանք ևս, որ ըստ ԽՍՀՄ վերջին՝ 1989 թվականի մարդահամարի՝ Արցախի բնակչության մեծ մասը՝ 76 տոկոսը, կազմել են հայերը, և որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Արցախի բնակչության քվեարկությունը։ Այսինքն՝ որևէ մեկը չի կարող ասել, որ պարզ մեծամասնությունը չի մասնակցել այդ հանրաքվեին, և այն անօրինական է եղել»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք, Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում պնդել է, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:
«Արդեն իսկ այդ հրամանագրով մենք կարող ենք համարել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024 -ից հետո շարունակելու են իրենց գործունեությունը»,- ասել է Վլադիմիր Գրիգորյանը:
– Արդյո՞ք սա նշանակում է, որ Արցախը լուծարելու մասին սեպտեմբերի 28-ի իր հրամանագիրը չեղարկելու վերաբերյալ նոր հրամանագիր Սամվել Շահրամանյանն այլևս չի ստորագրի։ Չսպասե՞լ նոր հրամանագիր։
– Ո՛չ, սպասելու կարիք չկա։ Քանի որ Արցախը լուծարելու որոշումը եղել է ոչ իրավաչափ և դրանից հետո ընդունվել է հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024-ից հետո լինելու է։
– Իրավական խնդիրներ չեն լինելո՞ւ, դուք այս հարցը քննարկե՞լ եք իրավաբանների հետ։
– Իհարկե այդ ամենը քննարկվել է։ Մենք կարող ենք համարել, որ այլևս սեպտեմբերի 28-ի հրամանագիրը գոյություն չունի։