Եթե Ադրբեջանը հայկական կողմի հետ քննարկել է միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը, ապա, հավանական է, որ դրա դիմաց խաղաղության պայմանագրում որևէ մեծ զիջում է ակնկալում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է՝ Ադրբեջանի հետ քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը։
«Զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Չեմ ուզում ասել, որ գնում ենք համաձայնության, սա գաղափար է, որը քննարկվում է, նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,-ասել է նախարարը։
«Մենք տեղյակ չենք՝ խոսքն ինչ տեսակ զիջման մասին է։ Իհարկե, բոլորս գիտենք, որ խաղաղության պայմանագրում ցավոտ կետեր կան, բայց դրանց վերաբերյալ կոնկրետ ինֆորմացիա այդպես էլ չի հրապարակվում։
Այնպես որ, միայն հայկական կողմի լուրջ զիջման կամ զիջումների դիմաց չեմ բացառում ադրբեջանական զորքերի հետքաշումը։ Տեսեք, արդեն իսկ խոսվում է ինչ-որ անկլավների մասին, և հայկական կողմը, կարծես թե, համաձայնում է դրան, մեկ-երկու դրվագով նույնիսկ անդրադարձ է կատարվել Արծվաշենին։
Բայց 8 գյուղ ասվածը խիստ պայմանական է. միգուցե պարզվի, որ այդ գյուղերի ընդհանուր տարածքը շատ ավելի մեծ է, քան փոքր քաղաքներինը»,- չբացառեց Արթուր Ղազարյանը։
Անդրադառնալով Ղազախ-Իջևան սահմանին գերիների փոխանակման գործընթացին՝ քաղաքագետը նկատեց՝ 32 հայ գերու վերադարձը Հայաստան նշանակալի երևույթ է, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում։
«Ադրբեջանը դեռևս բավական լծակներ ունի. նախ՝ չի պահպանվել «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը։ Այդ երկիրը հայ գերիների փոխանակումը միջազգային հանրությանը թանկ գնով է վաճառում՝ որպես իր կողմից արված մի մեծ լավություն, սակայն շարունակում է իր ձեռքում ավելի լուրջ լծակներ պահել։
Իրեն որպես հումանիստ ներկայացնող Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում այնքան ցեղասպանական գործողություններ է իրականացրել, որ հումանիզմի դիմակն ընդամենը խաբկանք է։ Այս քայլն ընդամենը միջազգային հանրության աչքերին «թոզ փչելու» համար է արվում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։