Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Ադրբեջանի ղեկավարի հետ սպասվող հադիպմանը Նիկոլ Փաշինյանը չի սպասում որևէ փաստաթղթի ստորագրման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք սրտի, ոչ, որովհետև եթե սպասվեր, որ փաստաթուղթ է ստորագրվելու, դա կնշանակեր՝ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանել է Հայաստանի հավասարակշռված շահին, և մենք պատրաստ են ստորագրել։ Մենք ասել ենք, որ մեր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է և մենք ուզում ենք հնարավորինս արագ՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, և մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Ես շատ կուզենայի ասել՝ այո Գրանադայում պատրաստվում է ստրագրվել փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ո՛չ։ Հույս ունենք՝ մենք ինտենսիվ բանակցություները կշարունակենք և կհասնենք խնդրի լուծմանը», – ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ ԼՂ-ում խորացող ծայրահեղ հումանիտար ճգնաժամն ու Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացասաբար է անդրադառնում խաղաղության գործընթացի վրա։
«Կարծում եմ՝ մենք ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել Լաչինի միջանցքի արգելափակման ու ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով։ Այն ժամանակն ու էներգիան, որը մենք ծախսել ենք և շարունակում ենք, ցավոք, անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, այդ իրավիճակը չլինելու դեպքում այդ նույն էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը», – նշեց նա։