Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ։ Պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Արցախը թշնամուն բարեհաջող հանձնելուց, այդ «բեռից» ազատվելուց հետո ի՞նչ ունի ինքն արցախցիներին ասելու։
«Այդ անձի՝ ԼՂ նախագահ դառնալուց հետո է դա տեղի ունեցել, և դա մի պրոցես է, երբ նվազագույնը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները և նրանց թիմերը ոչ միայն ողջունում էին, այլև քիչ էր մնում՝ թռչկոտեին ուրախությունից։ Նրանք ելույթի տեքստեր էին հրապարակում, տարբեր տեսակի ուրախությամբ ասուլիսներ տալիս այն մասին, թե ինչքան լավ բան է տեղի ուենցել ԼՂ-ում, երբ տեղի է ունեցել պալատական հեղաշրջումը»,- ասաց նա։
Հարցին՝ ո՞վ ճանաչեց ի վերջո Արցախն Ադրբեջանի կազմում, Պապոյանը շարունակեց նույն ոճով պատասխանել՝ ՀՀ նախկին իշխանությունները հաջողությամբ լուծարեցին ԼՂ բոլոր ինստիտուտները, իսկ դրանից հետո էլ գործող իշխանությունների վրա ճնշում էին գործադրում՝ ինչու ամեն ինչ չեն անում, որպեսզի արցախահայությունը հնարավորինս արագ լքի Արցախը։
«Ինչ է այստեղ ունենային մի քանի հազար ավել ցուցարար»,- ասաց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ առավել ազնիվ կլինի խոստովանել, որ իրենք իշխանության եկել են Արցախն Ադրբեջանին հանձնելու համար, և այդ մասին խոստովանել է անգամ Նիկոլ Փաշինյանը,Պապոյանը պատասխանեց.
«Ոչ միայն այդպիսի բան չկա։ Այո՛, ցավոք սրտի բանակցությունները նախկին նախագահների կողմից տասնամյակներ շարունակ ընդամենն այն մասին են եղել , թե երբ և ոնց հանձնել Լեռնային Ղարաբաղը։ Նախկին իշխանությունները բանակցել են ԼՂ հանձնելու շուրջ և վարձել են տարբեր տեսակի պալատական լրագրողների և գիտնականների, որոնք հանրության մեջ տարածել են «ոչմիթիզականության» գաղափարը, բայց տակից իրականում բանակցվել է՝ 7 շրջաններն ինչպես տան։
Մեր խնդիրն այն է, որ շարժվենք ռեալ պոլիտիկով, շարժվենք Հայաստանի 29 743 ք/կմ տարածքի ամրապնդումը, մեր երկրի պետական սահմանների ամրապնդումը լուծելով»։
Լրագրողների հաջոդ դիտարկմանը, որ իր թիմակիցներ Ալեն Պողոսյանն ու Սուրեն Պապիկյանը ոչ վաղ անցյալում Աղդամը համարում էին իրենց հայրենիքը, հիմա ինքն ուրա՞խ է, որ այդ հայրենիքն իրենք իսկ ճանաչել են Ադրբեջանի կազմում, Պապոյանը պատասխանեց.
«Մենք ուրախ կլինենք այն ժամանակ, երբ Հայաստանը կունենա սահմանազատված և սահմանագծված սահմաններ, կկնքի խաղաղության պայմանագիր, կբացվեն սահմանները՝ Հայաստանի չորսբոլորը, կստեղծվեն տնտեսական նոր հնարավորություններ, և մեր ժողովրդի համար բարեկեցության և բարգավաճման նոր շրջան կբացվի։ Այս տեսանկյունից մեր կառավարության առաջարկած քաղաքականությունը դրան է միտված»,- ամփոփեց Գևորգ Պապոյանը։