ԱԺ-ում խոսելով Ադրբեջանի պահանջած միջանցքի մասին՝ ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ասել է. «Որեւէ պաշտոնական ձեւաչափում, որեւէ տեղ ընդհանրապես միջանցք բառը, բացի Լաչինից, այլ համատեքստում չի կարող օգտագործվել: ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման, բանակցման ենթակա չէ, ու ինչքան էլ սրա մասին խոսի Ալիեւը կամ որեւէ այլ կալիբրի պաշտոնյա, սրանք կարող են ցանկություն լինել, բայց չեն կարող երբեք տեղ գտնել պաշտոնական բանակցային գործընթացում: Ինքնիշխան մեր տարածքից որեւէ միջանցքի մասին խոսակցություն չկա որեւէ պաշտոնական բանակցությունում»:
Լրագրողը հարցրել է, որ Գորիս-Կապան ճանապարհը 30 տարի եղել է Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ մեր վերահսկողության ներքո, իսկ հիմա՞…
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանել է, որ Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ սահմանների մեջ՝ խոսելով Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի հիմքում 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագիրն ընդունելու վերաբերյալ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության մասին։
Վահագն Ալեքսանյանն ասել է. «Գորիս-Կապան մայրուղին, որը 2020թ–ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010թ–ին ՀՀ ԱԺ–ի կողմից ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։
Վահագն Ալեքսանյանը չգիտե՞, թե իրեն չիմացողի տեղ է դնում։ Չէ՞որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածը Ադրբեջանի վերահսկողությանն է անցել ոչ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով, այլ դրանից մեկ ամիս անց, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ ԶՈւ–ն դուրս բերվեց Սյունիքից։