Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը չափազանց բացասական է գնահատում ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունը։
«Սա Հայաստանին որևէ բան տալ չի կարող, չի կարող ավելացնել Հայաստանի անվտանգության մակարդակը, քանի որ հենց իրենք՝ ռուսներն են բազմաթիվ անգամներ հայտարարել, որ ԵՄ առաքելությունը հեռադիտակով կամ գրիչով որևէ լուրջ բան չի կարող անել։ Նրանք, ովքեր նշում են, թե հեռադիտակն ու գրիչն անվտանգությանն օգնել չեն կարող, իրենց կողմից հեռադիտակով և գրիչով մարդկանց տեղակայումը, պետք է կանխատեսել, որ շատ ավելի քիչ հնարավորություններ է տալիս», -Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով, եթե սակայն զուտ դիտորդական առաքելությանը հաջորդի ՀԱՊԿ ռազմական ներկայությունը, և ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ քննարկի ռազմաքաղաքական ճանապարհով ինքնիշխան տարածքների նկատմամբ վերահսկողության վերականգնման հարցերը, դա գործընթացը բոլորովին այլ հունի մեջ կդնի։
«Բայց տեսնում ենք և գիտենք, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՀԱՊԿ մյուս գործընկերները նման մտադրություն չունեն, ընդհակառակը՝ նրանք չեն ընդունում, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիա է տեղի ունեցել։ Այնպես որ, ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումն ընդամենը ԵՄ առաքելությանը հավասարակշռելու Ռուսաստանի ձգտումն է։
Այսօր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն ավելին է սպասում ՀԱՊԿ-ից, քան ԵՄ-ից, և դա նորմալ է։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ունի իրավունքներ, իսկ ՀԱՊԿ-ը մեզ առաջարկել է միայն այն, ինչ իրականացնում ե Եվրամիությունը։
Բայց, կրկնում ե, եթե ՀԱՊԿ-ը պատրաստ լինի իրականացնել իր պարտավորությունները, ապա այդ դեպքում առաքելության տեղակայումը կարելի է դրական համարել»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է, որ ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվի։
«Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ տարածաշրջանի համար, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել», – ասել էր ՀՀ վարչապետը։