Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ԵՄ դիտորդները ՆԱՏՕ-ի անդամ երկրների հատուկ ծառայությունների և բանակային ստորաբաժանումների հետախույզներ են, և ի դեմս այդ մարդկանց՝ Հայաստանը ՆԱՏՕ-ին հնարավորություն է տալիս այս կամ այն տանիքի ներքո ներկայացված լինել այստեղ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ԵՄ դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը ՀՀ օրակարգում են։
«Եթե հիշում եք, նրանց Հայաստանում գտնվելու համար երկու ամիս ժամանակ էին տվել, հետո ժամկետները երկարացրեցին։ Հիմա նաև ֆրանսիացիներն են ներգրավվում։ Ռուսաստանին և Իրանին ձեռնոց է նետվում, իսկ նրանց համար ՆԱՏՕ-ն կարմիր գիծ է»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Արցախում ռուս խաղաղապահների մեխանիզմը չի աշխատել, Հայկ Նահապետյանը նկատեց՝ ՀՀ իշխանությունները, բացի ածականներով համեմված տեքստերից, չեն կարող որևէ հիմնավորում ներկայացնել, որ խաղաղապահ կազմն իր առաքելությունը չի կատարել։
«Օրինակ՝ երբ կնքվում էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ հետամուտ չեղավ խաղաղապահ առաքելության գործառույթների հստակ ամրագրմանը։ Փոխարենը ֆիքսեց, որ հրադադարի ռեժիմի վերահսկումն Աղդամում պետք է ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները կատարեն։
Երբ սեպտեմբերի 19-ին պատերազմ սկսվեց, Փաշինյանը կոնկրետ այդ հարցով կապվե՞ց Պուտինի կամ Էրդողանի հետ. ո՛չ, չկապվեց։ Փոխարենը կրկին հայտարարվում է, որ ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չեն կատարել։ Իսկ ո՞րն էր նրանց գործառույթը. խաղաղապահը չեզոք կողմ է, բացի այդ՝ նրա զենքը միայն ինքնաձիգն է։ Ուզում էին, որ ռուսները տանկերի դեմ ինքնաձիգերով կռի՞վ տային։ Իսկ Հայաստա՞նն ինչով օգնեց այդ կռվին. ոչնչով»,- նշեց ռազմական փորձագետը։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները գերադասում են Բրյուսել մեկնել, հանդիպել եվրոպացի բարձրաստիճան ղեկավարների հետ, մինչդեռ Ալիևը արհամարհում է այդ օրակարգը և չի մասնակցում արևմտյան հարթակում նախատեսված հանդիպումներին։
«Այսքանով հանդերձ՝ 102-րդ ռազմաբազան մեր անվտանգությունն է ապահովվում։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանը մտածո՞ւմ է, որ եթե ռազմաբազան դուրս բերվի, Հայաստանն ինչո՞վ է հակակշռելու Ալիևի պահանջներին, որ Երևանն իրենց «պատմական հայրենիքի» մի մասն է։
Կամ եթե Ադրբեջանն ասի, որ ճանաչում է Ալեքսանդրապոլի պայմանագրով սահմանները՝ 10 հազար քառակուսի կիլոմետր, ռուսական զորքի՝ այստեղ չլինելու պարագայում Հայաստանն ինչպե՞ս է հակադրվելու այդ պահանջին»,- հարց հնչեցրեց Նահապետյանը։