Azg.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
-Տիկի՛ն Հակոբյան, Հայաստանից ի՞նչ ազդակներ են հասնում Արցախ։ Անձամբ Դուք «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հետ հույսեր կապո՞ւմ եք։ Արցախի փրկությունը շարունակո՞ւմ եք տեսնել Հայաստանից։
-Ես Արցախի փրկությունը չեմ առանձնացնում, որովհետև անգամ հեռավորության և շրջափակման պայմաններում անկհայտ է նաև Հայաստանի փրկության անհրաժեշտությունը, որովհետև մենք մնում ենք այն կարծիքին, որ Արցախը չի կարող փրկվել կամ կործանվել, իսկ Հայաստանը՝ միայն փրկվել։ Աստված մի արասցե. մենք կա՛մ համատեղ կործանվելու ենք, կա՛մ համատեղ փրկվելու։ Հետևաբար ես փրկությունը չեմ տեսնում առանձին շարժումների կամ ուժերի մեջ, այլ տեսնում եմ միասնության մեջ։ Այն բոլոր պրոցեսները, որոնք թեկուզ անջատ-անջատ տեղի են ունենում միասնական գաղափարի շուրջ, համախմբման և ընդհանուր փրկության հնարավորություն են տալիս։
Մենք՝ Արցախի ընդդիմադիր կուսակցություններս, «Համախմբում» շարժման հետ արդեն իսկ հուշագիր ենք ստորագրել, տեղեկացված ենք նաև «Հայաքվեի» նախաձեռնությանը և ողջունում ենք այն և ասում՝ այն բոլոր ազգանպաստ պրոցեսները, որոնք տեղի են ունենում Արցախում, պետք է տեղափոխվեն նաև Հայաստան և հակառակը։ Նույնիսկ շրջափակումը չպետք է խանգարի մեզ։
Եթե տեղյակ եք, Արցախում արդեն ձևավորվել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատը։ Այն արդեն իսկ վերածվել է շարժման։ Վերջերս տեղի է ունեցել խորհրդի ընտրությունը, այսօր կամ վաղը տեղի կունենա գործադիր կոմիտեի ընտրությունը։ Կարծում եմ՝ մեզ այս տեսակի շարժումներով է հաջողելու հասնել մեր գերնպատակին՝ հայկական աշխարհի միավորմանը կամ գուցե նորի ստեղծմանը, որովհետև վերջին տարիներին հայկական աշխարհն առավել քան քանդվել է։ Այնպես որ, ես համարում եմ, որ մենք միասին պետք է կարողանանք փրկվել։ Եթե յուրաքանչյուրը մտածի, որ փրկիչը հենց ինքն է, և ամեն ինչ պետք է անի միայնակ, ոչինչ էլ չի ստացվի։
-Եթե «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը չհաջողվի 50 հազար ՀՀ քաղաքացու ստորագրություն հավաքել՝ սկիզբ դնելու Արցախից հրաժարումը քրեականացնելու գործընթացին, դա կարելի՞ է հայության չհամախմբվելու ցուցիչ ընկալել։
-Ես այդ առումով լավատես եմ։ Գնալով համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը փլուզվում է, որովհետև հանրության՝ նույնիսկ նրան սատարող հատվածը գիտակցում է, որ անվտանգության վահանը տեղաշարժվել է, և այլևս կորցրած լինելով Քաշաթաղը, Քարվաճառը, Հադրութը՝ այս պահին ուղիղ վտանգված են Սյունիքը, Գեղարքունիքը, Ջերմուկը և այլն։ Որպես վահան՝ Արցախն այլևս չկա, և մարդիկ գիտակցում են, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, իրենց խաբել են։
Այս պարագայում հավատը, որ իրենց ստորագորությամբ կարող է իրավիճակ փոխվել, կարող է առաջ մղել շարքային քաղաքացուն։
-Արցախում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ է, և թշնամին հենց այդպիսի պառակտման է սպասում։ Ի՞նչ գործողությունների պետք է դիմեն ԱՀ իշխանությունը և անձամբ արցախցին, որ չեն դիմում։
-Հունիսի 4-ից սկսած՝ արցախցին, վստահ եմ՝ անգիտակցաբար, օգնում է Նիկոլ Փաշինյանին։ Օգնում է՝ իհարկե ենթարկվելով ԱՀ իշխանությունների մանիպուլյացիաներին։ Խոսքը Հակարիի կամրջի անցակետից օգտվելու մասին է։ Ի՞նչ միանշանակ չպետք է անի արցախցին. չպետք է անցնի ադրբեջանցիների կողմից վերահսկվող անցագրային կետով։
ԱՀ նախագահն անընդհատ ասում է, որ Լաչինի միջանցքի անցակետին այլընտրանք չկա, բայց ես ասում եմ, որ այլընտրանք կա, և այդ այլընտրանքն այդ ճանապարհից չօգտվելն է։ Մենք ցրտաշունչ ձմեռ և գարուն ենք անցկացրել, կիսասոված եղել։ Մենք հաղթահարել ենք այս ամենը, իսկ հիմա ԱՀ իշխանությունը ժողովրդի համար կոմֆորտ վիճակ է ստեղծել, որպեսզի մարդիկ հնարավորինս շատ օգտվեն այդ ճանապարհից։
Ես չեմ ուզում գնահատական տալ՝ ԱՀ իշխանությունները գիտակցաբա՞ր են օգնում ՀՀ իշխանություններին, թե չեն հասկանում, որ սա Արցախի կործանումն է։ Ամեն դեպքում իրենք դա անում են։ Հիմա եկել է գործողություններ անելու ժամանակը, իսկ գործոությունն այդ ճանապարհով չանցնելն է։
Արցախի անվտանգության և զարգացման ճակատով վաղվանից սկսում ենք մեր շրջայցերն Արցախով մեկ՝ մարդկանց հետ հանդիպումներում բարձրաձայնելու այն ճակատագրական վտանգները, որոնք կարող ենք ունենալ այդ անցակետից օգտվելու դեպքում։ Մինչդեռ ԱՀ իշխանությունները հակառակն են քարոզում ժողովրդին, որ մարդիկ պետք է անցնեն-դառնան Հակարիի կամրջով։
-Ինչպիսի՞ հանրային տրամադրություններ են Արցախում՝ հաշտվողակա՞ն՝ ապրելու Ադրբեջանի կազմում կամ վերջնականապես լքելու Արցախը, թե պայքարի։
-Անկումային տրամադրություններ բացարձակ չկան։ Մի մասնավոր դեպք պատմեմ, որպեսզի պատկերացում կազմեք. օրինակ՝ զոհվածի քույրն ինձ ասում է՝ «Տիկի՚ն Հակոբյան, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ արցախցիներն անցնեն այդ ճանապարհով։ Իմ եղբայրը Եռաբլուրում է հուղարկավորված, բայց ես չեմ կարող թուրքի մոտով անցնել և գնալ եղբորս շիրիմին»։ Մարդիկ հասկանում են, որ իրենց արժանապատվությունն է չանցնել ադրբեջանական անցագրային կետով։ Այս հարցում միակարծիք են հատկապես զոհվածների ընտանիքները, իսկ այդպիսի ընտանիք երևի չկա, որ պատերազմում զոհ ունեցած չլինի։
Ես շատ-շատ խանութների սեփականատերերի անունից կարող եմ ասել, որ նրանք պատրաստ են չաշխատեցնել իրենց խանութները, եթե պայմանը պետք է լինի այդ ճանապարհով գնալ-գալը։ Ժողովուրդն իմաստուն է և ներքուստ հասկանում է, որ չտրվելով Հայաստանի և Արցախի իշխանությունների մանիպուլյացիաներին, ինչպես նաև թշնամու ճնշումներին՝ կարող է պահել Արցախը։
Ամեն ինչից անկախ՝ այնպես չէ, որ Արցախի հարցը փակված է, և Ալիևը, երբ ուզի, կարող է մտնել Ստեփանակերտ։
-Ի՞նչն է Ձեզ համոզում, որ Արցախը չի ադրբեջանացվելու։
-Արցախում 120 հազար արցախցի է ապրում, և ես ճնշող մեծամասնության անունից կարող եմ ասել, որ մենք այստեղ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից հետո կենաց-մահու կռիվ ենք տալիս, և մենք պատրաստ ենք շարունակելու մեր պայքարը։ Սա պաթոս չէ, սա պոպուլիզմ չէ, սրանք ձևական խոսքեր չեն։
Իհարկե, խաղաղության արժեքն ամենից լավ մենք գիտենք, ամենաշատը մենք չենք ուզում պատերազմ և պետք է փորձենք հեռու մնալ պատերազմից, բայց եթե հարկ եղավ, վստահ եմ, որ բոլորս պատրաստ ենք լինելու նաև զինված ինքնապաշտպանության, մեր հայրենիքն այդ կերպ պահելուն։
Սա ուղղակի արժանապատվության հարց է։ Այսքան պայքարից հետո ինչպե՞ս կարող ենք թողնել մեր հայրենիքը կամ թողնելուց հետո գլուխներս բարձր ապրել։ Իհարկե, չենք կարող։ Պայքարը լինելու է մինչև ամենավերջին կետը։ Մենք, իհարկե, այնպես չէ, որ մտածում ենք՝ 120 հազար արցախցիներով ենք միայնակ պայքարելու։ Մենք հավատում ենք և վստահ ենք հայկական աշխարհի գոյությանը, միախմբմանը։ Կա հայկական աշխարհ, կա հայկականություն, և արցախցին մենակ չէ։
-Արցախում հիմա ավելի շատ ռուսամե՞տ, թե արևմտամետ հայացքներ են իշխում։ Պատկերացնո՞ւմ եք Արցախն առանց ռուս խաղաղապահների։
-Ո՛չ. ռուս խաղաղապահի այլընտրանքը թուրքն է։ Այստեղ չկան արևմտամետ հայացնքներ. կա տպավորություն, որ փորձում են ստեղծել ՀՀ իշխանությունների կողմից կառավարվող մի քանի խամաճիկների օգնությամբ։ Մենք հասկանում ենք, որ այսօր ունենք ընդամենը մեկ դաշնակից, և դա Ռուսաստանն է։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները հակամարտության մեջ են ՌԴ-ի հետ։ Արցախում ինչպես եղել է, այնպես էլ կա. համարում ենք, որ մեր դաշնակիցը Ռուսաստանն է, և բոլորն էլ հասկանում են, որ ռուսի այլընտրանքը թուրքն է։