Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում:
«Կցանկանայի խոսել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցություններ են վարում: Նպատակը, որը Հայաստանը հետապնդում է խաղաղության այս բանակցություններում, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա:
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջեւ՝ նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ:
Մինչդեռ արդեն յոթ ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակված է պահում Լաչինի միջանցքը: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ամբողջությամբ շրջապատված են ռուս խաղաղապահներով եւ ադրբեջանական բանակով: Իսկ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը Լաչինի միջանցքի ճանապարհին բետոնապատնեշներ տեղադրեց: Սրա կադրերը կան համացանցում:
Ներկայումս դադարեցվել է նաեւ մարդասիրական օգնության հոսքը Լեռնային Ղարաբաղ: Ո՛չ գազ, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ սննդի եւ բժշկական մատակարարումների համալրում: Ծանր վիճակում գտնվող եւ Լեռնային Ղարաբաղում անհասանելի բժշկական ծառայությունների կարիք ունեցող հիվանդները նույնպես չեն կարող տեղափոխվել: Եվ չկա միջազգային ներկայություն այս ամենը փաստաթղթավորելու եւ հասցեագրելու համար:
Սա մարդասիրական ճգնաժամ է, որն ունի նաեւ բազմաթիվ այլ չափումներ, այդ թվում՝ բնապահպանական եւ տնտեսական: Իրավիճակը շատ պարզ ձեւով ներկայացնելու համար ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ արդեն յոթ ամիս է, ինչ ոչինչ չեն գնում եւ չեն վաճառում. նրանք պարզապես իրենց տներում սպասում են սննդի փաթեթների ժամանմանը: Մարդկանց կյանքն այնտեղ կանգ է առել եւ մշտական հարձակման սպառնալիքի տակ է:
Որքան էլ այս իրավիճակը հուսահատ է, Հայաստանում մեր դիրքորոշումն այն է, որ մենք սադրանքների չենք տրվելու եւ չենք հրաժարվելու խաղաղության բանակցություններից: Մենք շարունակելու ենք բարեխղճորեն ջանք գործադրել եւ քաղաքական կամք դրսեւորել Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար: Դրա համար մեզ անհրաժեշտ է կայուն միջազգային աջակցություն՝ Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու համար: Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ»,- նշել է պատգամավորը: