Հայաստանի Հանրապետությունում առողջապահական համակարգը դինամիկ, արագ և նկատելիորեն զարգանում է, և բժշկության ու առողջապահական համակարգի զարգացման մեջ շատ կարևոր են նաև հիգիենիկ կանոնները։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ընդունված սանիտարական նոր կրագավորումներին։
Հիշեցնենք, որ ըստ նոր կարգի՝ բուժաշխատողներին արգելվում է երկար եղունգներ ունենալև զարդեր կրել։
Նախարարը նշեց, որ ստվերի դեմ պայքարը շատ կարևոր է, բայց պակաս կարևոր չէ նաև հիգիենայի կանոնների ներդրումը։
Անդրադադառնալով իր հնարավոր հրաժարականի հարցին՝ Ավանեսյանը նկատեց, որ ինքը բամբասանքներին և դեղին մամուլի ամենշաբաթյա հիմարություններին չի պատասխանում: «Հոգնել եմ բամբասանքի ամենշաբաթյա տիրաժավորումից, որը կարծես թե 2021 թվականից չի դադարում»,- ասաց նախարարը։
Թե ովքեր են լուրեր տարածողներն ու ինչու են դա անում, նախարարը չգիտի, բայց երևույթը զավեշտալի է համարում։
Ավանեսյանը նաև «բամբասանք» որակեց լուրը, թե անգամ իրեն փոխարինողի անունն է որոշվել՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյան։
Հարցին՝ արդյոք տարածվող լուրերը կապ ունե՞ն այն հանգամանքի հետ, որ ՔՊ-ական որոշ պատգամավորներ արդեն տևական ժամանակ է՝ քննադատում են իրեն և արդյոք նկատու՞մ է, որ իր դեմ արշավ է սկսվել, Ավանեսյանը նշեց՝ նման նկատառում չունի։
Հարցին, թե նախարարի հրաժարականի մասին լուրերը շատերին է հետաքրքրում, ի վերջո նա հրաժարական կտա՞, թե՞ ոչ, Ավանեսյանը եզրափակել է. «Թող այդպես հարցականների մեջ մնան»։