ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա ոչ մի կերպ պատմական չի կարելի համարել։ Ի՞նչ պատմական այցի մասին է խոսքը, երբ մի երկրի ԱԳ նախարար գնում է մեկ այլ երկիր, մանավանդ, որ Հայաստանից փրկարար ջոկատ և մարդասիրական օգնություն արդեն իսկ ուղարկվել են։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը, որտեղ վերջինս Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է որակում։
«Կլաարն իր այս գնահատականով հասկացնել է տալիս, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի նախաձեռնությունը Ռուսաստանից անցնում է Արևմուտքին։ Եթե եվրոպացի գործիչը հույս է հայտնում, որ Միրզոյանի այցով հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում, հավանաբար լավատեսության ինչ-որ հիմք ունի։ Նրա հայտարարությունը ՀՀ վարչապետի հայտարարությունը չէ։
Մյուս կողմից Ցեղասպանության ժխտողականության առաջամարտիկ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնությունը պատկանում է ՌԴ նախագահ Պուտինին»,- ասաց մեր զրուցակիցը։
Հակոբ Չաքրյանի խոսքով՝ եթե առաջիկա ընտրություններում Էրդողանը հաղթանակ տանի և շարունակի մնալ իշխանության ղեկին, կշարունակի Հայաստանի նկատմամբ որդեգրած քաղաքական գիծը։
«Անկախ հայկական փրկարար ջոկատի գործունեությունից ևՀայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունից՝ երբ երկրաշարժի առաջին շոկն անցնի, Թուրքիան կվերադառնա ելման կետ։
Եթե էրդողանը մնա, պետք է շարունակի հորդորել, պահանջել ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Բայց եթե մենք հաշտության պայմանագիրը ստորագրենք, կօրինականացնենք Ադրբեջանի ոտնձգությունները»,- ասաց թուրքագետը։
Վերջում մեր զրուցակիցն անդրադարձավ նաև հումանիտար օգնությունը Թուրքիա հասցնելու նպատակով բացված հայ-թուրքական սահմանին։
«Եթե Թուրքիան հարաբերությունների կարգավորման հարցում անկեղծ լիներ, ոչ թե միջանցք կպահանջեր (միջազգային պրակտիկայում նման բնա չկա, որ սահման բացելու համար միջանցք պահանջեն)՝ այդպիսով ակնհայտ թշնամանք ցույց տալով Հայաստանին, այլ պարզապես կբացեր հայ-թուրքական սահմանը»,- ասաց Չաքրյանը։