«Անվտանգային ճգնաժամ է, Դուք ասում եք՝ ընդդիմությունն ի՞նչ է առաջարկում. առաջարկում եմ այն, ինչ առաջարկել ենք՝ կոնսոլիդացիա, հանրային կոնսոլիդացիա, բայց ոչ թե կապիտուլյացիայի համար: Այդպիսի կոնսոլիդացիայի կարիք չկա, իսկ եթե դրա կարիքն ունի իշխանությունը, ո՞ւր է այդ նախաձեռնությունը, ինչո՞վ է դա արտահայտվել: Խոսում ենք ինչ-որ կոնսոլիդացիայի մասին, իսկ որտեղի՞ց եք որոշել, որ իշխանությունը այդպիսի կոնսոլիդացիայի կարիք ունի, չունի, որովհետև ինքը պատրաստ չի բարձր նպատակների համար միավորել ժողովրդին, հակառակը։
Մենք ՝ ընդդիմությունը, փորձել է հասնել իշխանափոխության՝ «Ազգային փրկության շարժում», «Դիմադրության» շարժում, ես պատրաստ եմ եղել ստանձնելու պատասխանատվությունը և ասեմ՝ այսօր իշխանության գալը ավելի շատ պատիժ է և առաքելություն: Պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը:
Ես համաձայն եմ տվյալ դեպքում Առաջին նախագահի հետ, որ չափազանց բարդ է, ուղղակի եզրակացություններն են տարբեր: Ինքը համարում է, որ այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքն ընդունել, ես համարում եմ, որ այո, այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերը և պայքարով նոր դռներ բացել: Սա է տարբերությունը: Ես փորձել եմ գալ իշխանության, գլխավորել եմ «Հայաստան» դաշինքի ցուցակը, չի ստացվել, ուրեմն դեռ այս ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը իշխանության վրա է, իրենք չեն առաջարկել պայքարի բանաձև, որը կարող է մեզ ոգևորել և քննարկման առարկա դառնալ մեր շրջանակներում, իսկ միավորվել երկիրը հանձնելու համար, կամ հերթական կապիտուլյացիա ստորագրելու համար, կարիք չկա»,- իր ելույթում ասաց Ռոբերտ Քոչարյանը։