Հայաստանում արտաքին քաղաքականություն չկա, չկա, որովհետև արտաքին քաղաքականությամբ պետք է զբաղվեն հայրենասերները, պրոֆեսիոնալները, և դա ունենա կա՛մ դրական, կա՛մ բացասական արդյունք։ Բայց եթե կա արտաքին գերատեսչություն, պետք է լինի նաև դրական արդյունք, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Արտաքին քաղաքականությունն սպասարկում է քո պետության և քո ազգի շահերը, երրորդ հանրապետության գաղափարաբանական հիմքերը՝ Արցախի ինքնորոշման իրավունք, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ, ՀՀ տեղն ու դերը ԵԱՏՄ համակարգում։ Այս ամենն այսօր գոյություն չունի. այսօր կարելի է մեկ անուն դնել՝ Հայաստանի թրքացում կամ ադրբեջանացում։
Այս ռեժիմն իրականացնում է ՀՀ ադրբեջանացման և թրքացման քաղաքականություն, և չկա որևէ քայլ, որը կսպասարկի ՀՀ շահը։ Այս ռեժիմն իր պարագլխով լծված է մեր 30 տարվա նվաճումներն ու հաղթանակները նսեմացնելու և անիմաստ դարձնելու գործին»,- ասաց բանախոսը։
Ըստ Շարմազանովի՝ 30 տարի Թուրքիան փակ է պահել հայ-թուրքական սահմանը, բլոկադայի ենթարկել Հայաստանին, Ադրբեջանը՝ սպառնացել է, հայկական հետքն Ադրբեջանում և Նախիջևանում՝ զրոյացրել։
«Մեկ էլ Նիկոլ Փաշինայնը հայտարարում է, որ մենք չենք թողել, որ Ադրբեջանն ապրի։ Նման հայտարարություն անելով՝ այդ կապիտուլյանտ անձնավորությունը լեգիտիացնում է Ադրբեջանի նախկին, ներկա և սպասվող հանցագործությունները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Նա լեգիտիմացնում է Արցախի հայաթափումը, արդարացնում է Ադրբեջանի սպասվելիք հարձակումը Հայաստանի վրա։ Եթե թարգմանենք Նիկոլի ասածը, դուրս է գալիս, կոպիտ ասած, «դե մենք իրանց 7 շրջանն ենք գրավել, հիմա էլ Ադրբեջանի հերթն է ՀՀ 7 շրջանը գրավելու»։
Ալիևն ինչո՞ւ է սթաֆ պահում. նրան պետք չէ ո՛չ Բյուլբյուլօղլին, ո՛չ Բայրամովը, ոչ մեկը։ Ե՛վ պաշտպանության, և՛ ԱԳ նախարարների, և՛ դեսպանների գործառույթները մեկ հո գի անում է՝ Նիկոլ Փաշինյանը։ Բոլոր գործառույթները Նիկոլ Փաշինյանն իր թիմով անում է»,- ասաց հանրապետական գործիչը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ 6 տարվա ընթացքում 4 պատերազմ բերած մարդը չի կարող խաղաղություն բերել։
«Նա պատերազմի, դագաղների, մահերի, հայրենիքի կորստի, Արցախի հայաթափման, Հայաստանի օկուպացիայի հեղինակ է»,- ամփոփեց բանախոսը։