Երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա։ Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հանդիպմանը «ինչպիսի՞ն է պետության և եկեղեցու հարաբերությունն այս փուլում» մի պատանու հարցին պատասխանել է Փաշինյանը։
Հետո ավելացրել է՝ չնայած դրանք միշտ չի, որ ստերիլ իրարից տարբերակվում ու անջատվում են, որովհետև շատ հարցեր խաչվում են։
«Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ եկեղեցու կարիքների համար ներմուծվող մի շարք ապրանքներ ճանաչվեն բարեգործական և մաքսային վճարների չենթարկվեն։ Օրինակ՝ պարաֆինը, որից մոմ են պատրաստում։ Մենք այստեղ սկզբունքային լուրջ խնդիրներ ենք տեսնում՝ եթե պարաֆինը մաքսազերծում ենք որպես բարեգործական ծրագրի մաս, ուրեմն մոմը չպետք է վաճառվի։ Գանձանակ դրվի, ով ինչքան ուզենա, վճարի։ Կամ էլ մոմի վաճառքը տեղի ունենա, գանձվեն հարկեր ու տուրքեր ու հավաքագրված գումարը վերադարձվի եկեղեցուն». եկեղեցի-պետություն հարաբերությունը՝ ըստ Փաշինյանի։
Նա նաև ավելացրել է. «Մեր սկզբունքն այն է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները լինեն իրավական, օրենքներին ու սահմանադրությանը համապատասխան։ Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, ինչը, կարծում եմ, ավելի ազվիվ կլինի։
Բայց եկեղեցին չի կարող բարձ լինել պետությունից»։