ՀՀ իշխանությունները սուբյեկտ չեն, որպեսզի կարողանան պատասխանել կամ հակադարձել Ադրբեջանի այն հայտարարությանը, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը դեռ չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում։ ՀՀ իշխանություններն Արևմուտքի կողմից նշանակված խամաճիկային իշխանություններ են, և ինչպես ճիշտ գտնի Արևմուտքը, այդպես էլ նրանք վարվելու են, ընդհուպ կարող են ոչ մի կերպ չհակադարձել Բայրամովի այս հայտարարությանը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե Արևմուտքն ինչ կպահանջի Հայաստանից՝ արձագանքել կամ չարձագանքել։
Հիշեցնենք, որ AzTV-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր. «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից: Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն այստեղ: Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին, լսում ենք նաև որոշ դրական բաներ։ Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Այս հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրից, պետք է հասկանանք, որ այն չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում»։
Արմեն Բադալյանի խոսքով՝ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության ենթատեքստում կարող են լինել հետագայում հայկական բանակի, դրա թվակազմի վերաբերյալ պահանջներ, ինչպես նաև ՀՀ գրավյալ տարածքներն ադրբեջանական ճանաչելու հավակնություններ։
«Ադրբեջանը քաղաքական առևտրի մեծ փորձ ունի և հիմա էլ փորձում է Հայաստանի հետ քաղաքական առևտուր իրականացնել։ Թե այժմ այդ առևտրի մեջ ինչ կետեր կներառվեն, ժամանակը ցույց կտա։ Ես երկուսը նշեցի, Ադրբեջանն այդ երկուսից բացի կարող է քսաներկուսն էլ որոշել և դրանք ներառել իր պահանջների ցանկում։
Սակայն ակնհայտ է, որ Սյունիքին այդ պահանջներում չի կարող լինել, որովհետև Սյունիքի հարց, որպես այդպիսին, գոյություն չունի. Իրանն այդ հարցը մեկընդմիշտ փակել է։ Ադրբեջանը չի կարող գրավել Սյունիքը, որովհետև հակառակ դեպքում կստանա Իրանի խիստ պատասխանը՝ ընդհուպ իրանական զորքերի կողմից ոչ միայն Սյունիքի վերաազատագրում, այլև Արցախի ամբողջ տարածքի գրավում։ Այնպես որ, կրկնում եմ, Սյունիքի հարց չկա»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։